Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնել են, որ «Ինստագրամ» սոցիալական կայքում շրջանառվում են կեղծ նամակներ, որոնց արձագանքելով` մարդիկ կարող են դառնալ կիբեռհանցագործության զոհ։ Կառույցից զգուշացնում են, որ կեղծ նամակը կարող եք ստանալ ձեր ծանոթից, ընկերոջից, քանի որ կեղծարարները գողանում են օգտահաշիվներն ու այլ մարդկանց անունից հանդես գալով`տարածում ֆիշինգային հղումներ:
«Ձեր մուտքանունն ու գաղտանաբառը մի՛ լրացրեք այլ հարթակներում, բացի իրական կայքի հասցեից ու պաշտոնական հավելվածից»,– ասված է հայտարարությունում։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում նաեւ միացնելու երկփուլային նույնականացումը, որը կպահպանի հաշիվը նույնիսկ այն դեպքում, եթե գողանան ձեր գաղտնաբառը: Գործակալությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ բանկային քարտի տվյալները չի կարելի լրացնել չստուգված կայքերում:
«Կասկածո՛վ մոտեցեք բոլոր այն հրապարակումներին, որտեղ առաջարկում են առանց ջանք գործադրելու միանգամից շատ փող աշխատել»,- զգուշացնում են մասնագետները:
Ի դեպ, «Ինստագրամում» նույնականացումը կարելի է ակտիվացնել moj.am հղումով։