Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է։ Կառույցը բազմիցս զգուշացրել է, որ այս շրջափակումն Ադրբեջանի ղեկավարության ավելի լայն ցեղասպան նպատակների մի մասն է, որին աջակցում է նրա հավատարիմ դաշնակից Թուրքիան, եւ հայ ժողովրդի դեմ Բաքվի իրականացրած ցեղասպանության գործողությունների շարունակությունը։
Լեմկինի ինստիտուտը խիստ մտահոգված է նաեւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ հռետորաբանության համապարփակ հետեւանքներով, որոնք միանգամայն անպատիժ քարոզվում են ամբողջ աշխարհում: Տեղական եւ ազգային իշխանություններն այս տեսակի ատելության հրահրումը ոչ թե պետք է անտեսեն, այլ հետաքննեն:
«Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը շատ լուրջ է վերաբերվում մեղսակցությանը եւ հետամուտ է լինելու ցանկացած դատավարության, եթե աշխարհն աչք փակի հայ ժողովրդի աղետալի վիճակի վրա ու ականատես լինի եւս մեկ ցեղասպանության, որն այս անգամ լիովին կանխարգելելի է»,- նշված է հայտարարության մեջ: