Ներքին գործերի նախարարությանն առընթեր ոստիկանության կոլեգիայի փետրվարի 3-ի նիստում քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն արձանագրել է, որ 2022-ին ՀՀ-ում գրանցված հանցագործություններն ընդհանուր աճել են 24,4%-ով: Ընդ որում՝ 7367 դեպքից 3602-ը վերաբերում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի տրանսպորտային միջոց վարելուն, 997-ը՝ ծանր վիրավորանք հասցնելուն, իսկ 743-ը՝ առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, եւ 173-ը՝ զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերմանը:
Առավել նվազ հասարակական վտանգավորություն հանցատեսակներ համարվող ոչ մեծ (56,6 %) եւ միջին ծանրության (27,6 %) հանցագործությունները գրանցված 37 հազար 612 ընդհանուր դեպքերի 84,2 %-ն են: Ըստ հիմնական հանցատեսակների՝ աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, ավազակության, կողոպուտի, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը: Միեւնույն ժամանակ նվազել են սպանության (առանց հանկարծամահության դեպքերի), սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, գողության, դրանց թվում՝ բնակարանային գողության, յուրացման կամ վատնման եւ տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը:
2023-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի եւ ապօրինի զենք-զինամթերքի առգրավման տարի
Տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք: Ոստիկանության մարմինների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հաշվետու ժամանակահատվածում առգրավվել եւ բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է 1245 (նախանցյալ տարի՝ 943) միավոր զենք: 2022-ին 76,3 %-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը, դրան զուգընթաց՝ հայտնաբերվել են 94,9 %-ով ավելի թմրամիջոցների իրացման դեպքեր:
Արձանագրվել է 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 321, եւ մարմնական վնասվածքներ է ստացել 6155 անձ: Նախորդ տարվա համեմատությամբ պատահարների թիվը նվազել է 296-ով, զոհերինը՝ 47-ով, վիրավորներինը՝ 544-ով: Նախորդ տարվա ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1802 (նախանցյալ տարի՝ 1771) ծառայողական քննություն, եւ կարգապահական տույժի է ենթարկվել 709 (նախորդ տարի՝ 587) ծառայող:
ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2023-ը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի եւ ապօրինի զենք-զինամթերքի առգրավման տարի։