Փետրվարի 4-ին քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, եւ այս տարվա կարգախոսն է «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների եւ պալիատիվ բուժօգնության հասանելիությունը»։ ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 10-12 միլիոն նոր դեպք եւ շուրջ 9,6 միլիոն մահացության դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում տարեկան քաղցկեղի նոր դեպքերի թիվը միջինում 7700-ի է հասնում։ Վիճակագրական տվյալներով` Հայաստանում տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի եւ շագանակագեղձի քաղցկեղը։ Իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի եւ վզիկի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի եւ կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել։
Հայաստանում մահացության պատճառների երկրորդ տեղում են նորագոյացությունները, ներառյալ՝ չարորակ։ Վերջին տարիներին այս ցուցանիշը աճել է 50%-ով: Այսպես՝ 1990 թվականին նորագոյացություններից (3541), դրանց թվում՝ չարորակ (3484), մահացել է 7022 քաղաքացի։ 2021-ին այդ թիվը եղել է արդեն 10 հազար 598, որից 5266-ը՝ չարորակ։ 2021-ին դրանցից մահացածների կեսից շատը տղամարդիկ էին՝ 5856 դեպք։ 2022-ի տվյալները դեռ ամփոփված չեն։