Ժամանակին Վրաստանի քաղաքացիությունից զրկված Վրաստանի ազգությամբ բազմաթիվ հայեր պահանջում են վերացնել քաղաքացիությունը վերականգնելու համար սահմանված վրաց լեզվի քննությունը:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Սամցխե-Ջավախեթիի մարզի Նինոծմինդայի եւ Ախալքալաքի բնակչության ավելի քան 94,8%-ը, «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) տվյալներով, ազգությամբ հայ է։ «Փոքրամասնությունների հարցերի եվրոպական կենտրոնն» (ECMI) էլ փաստում է, որ վրաց լեզվին տիրապետում է այս մունիցիպալիտետների բնակչության միայն 12%-ը։ Տարածաշրջանում եկամտի հիմնական աղբյուրները անասնաբուծությունն ու կարտոֆիլագործությունն են։ Ըստ տարբեր վերլուծությունների՝ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի աշխատունակ տղամարդկանց ավելի քան 50%-ը մեկնում է արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան։ Էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մյուս շրջանի՝ Քվեմո Քարթլիի բնակչությունը 511,2 հազար է: Էթնիկ առումով բնակչության 44,7%-ը վրացի, 45,1%-ը՝ ադրբեջանցի, 6,4 %-ը՝ հայ, 3,8 %-ը աբխազ, օս, ռուս, հույն, ուկրաինացի եւ քրդեր են:
Վրաստանի նախկին քաղաքացին իրավունք ունի մինչեւ 2024-ի դեկտեմբերի 31-ը դիմելու՝ քաղաքացիությունը վերականգնելու համար
Ֆինանսական սուղ պայմանները բարելավելու նպատակով 2000-ականներին ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու համար շատ վրացահայեր Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների պես ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն (Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի ՌԴ-ի հետ) եւ ստիպված են եղել հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ մինչեւ 2018-ը Վրաստանի օրենսդրությամբ երկքաղաքացիություն չէր թույլատրվում: Այլ երկրի անձնագրի առկայությունը պարզվելու դեպքում տվյալ անձը ինքնաբերաբար կորցնում էր Վրաստանի քաղաքացիությունը։ Ներկայում Վրաստանի օրենսդրությունը թույլատրում է երկքաղաքացիություն՝ հնարավորություն տալով նաեւ նրանց, ովքեր տարիներ առաջ են կորցրել իրենց ծննդավայր երկրի քաղաքացիությունը՝ վրաց լեզվի, պատմության, Սահմանադրության մասին բազային քննություն հանձնելով։
Այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով Վրաստանի քաղաքացիությունից զրկված Վրաստանի նախկին քաղաքացին իրավունք ունի մինչեւ 2024-ի դեկտեմբերի 31-ը դիմելու Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալություն՝ Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար: Սեփական երկրի քաղաքացիությունից անակնկալ կերպով զրկված Վրաստանի քաղաքացիները տարիներ ձգվող հարցի լուծումը տեսնում են «Քաղաքացիության մասին» օրենքում վերոհիշյալ կետի ամրագրմամբ: