Ռուս քաղաքագետ, Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը համոզմունք է հայտնել, որ որքան էլ ուկրաինական ճգնաժամի համատեքստում մեծանա Թուրքիայի եւ նրա դաշնակից Ադրբեջանի նշանակությունը Ռուսաստանի համար, դա չի նշանակում, որ Ռուսաստանն Անկարայի եւ Բաքվի կողմն է անցնում Հայաստանի հետ առճակատման մեջ։
Թուրքիան ու Ադրբեջանը հաճախ բավական լկտիաբար են գործում, բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ն լքում է Հայաստանին
Երեւանում անցկացվող «ՀՀ-ն եւ ՌԴ-Արեւմուտք գլոբալ դիմակայությունը. 2022-ի արդյունքները» համաժողովի ժամանակ Սուսլովը հայտարարել է, որ ուկրաինական հարցում ՌԴ-ի եւ Արեւմուտքի պատերազմի եւ այդ պատերազմի գոյաբանական բնույթ ձեռք բերելու արդյունքում որոշ երրորդ խաղացողներ հնարավորություն տեսան էապես ավելացնելու իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Դա առաջին հերթին վերաբերում է Թուրքիային։ Անկարան մեծ հավակնություններ ունի, բայց բազմաթիվ առանցքային սյուժեներում ի վիճակի չէ իրեն պատասխանատու պահելու։ Անշուշտ, ՌԴ-ի համար Թուրքիան թե՛ մրցակից է, թե՛ շատ կարեւոր գործընկեր։ Ըստ ռուս քաղաքագետի՝ Արեւմուտքի հետ պրոքսի պատերազմի պայմաններում Ռուսաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ բացահայտ հակամարտության հարցում։ Հենց այդ պատճառով էլ Թուրքիան եւ Ադրբեջանը հաճախ բավական վճռական եւ լկտիաբար են գործում։ Միեւնույն ժամանակ, սա չի նշանակում, որ ՌԴ-ն լքում է Հայաստանին եւ առեւտուր է անում նրա շահերով։
ՀՀ ներկայիս ղեկավարությունը թույլ է տալիս Արեւմուտքին օգտագործել իրեն ՌԴ-ի դեմ պայքարում
«Ռուսաստանը լիովին հավատարիմ է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, նա շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայության շարունակման հարցում։ Նա շահագրգռված է հակամարտության այնպիսի կարգավորման հարցում, որը կպաշտպանի ԼՂ բնակչությանը եւ թույլ չի տա սերբական Կրաինայի սցենարը»,- նշել է Սուսլովը։ Փորձագետը վստահ է, որ Մոսկվան պետք է միջնորդ մնա հակամարտության մեջ, այլ ոչ թե ինչ-որ մեկի կողմից լինի։ Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման եւ տարածաշրջանում հետագա էսկալացիայի։ Ընդսմին, Մոսկվայում որոշ զգացողություններ կան, որ ՀՀ ներկայիս ղեկավարությունը, բացահայտ հակառուսական դիրքերի չանցնելով, այնուամենայնիվ, այսրոպեական շահի հետապնդման ընթացքում մասամբ թույլ է տալիս Արեւմուտքին օգտագործել իրեն ՌԴ-ի դեմ պայքարում։ Այս հանգամանքը շատ լուրջ մտահոգություն է առաջացնում Մոսկվայում, եւ հնարավոր է, որ ՌԴ արտգործնախարար Լավրովի վերջին, մի փոքր կտրուկ հայտարարությունները դրանով են պայմանավորված։
Իրականում ՀՀ-ն դիտարկվում է որպես ինքնիշխան պետություն
Շարունակելով Սուսլովի միտքը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսեյ Տոկարեւն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հակառակ «ավագ եղբոր» մասին մեդիա-նարատիվներին, որոնք կիրառվում են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները նկարագրելիս, իրականում ՀՀ-ն դիտարկվում է որպես ինքնիշխան պետություն։ «Հայաստանը չի ընկալվում որպես երկիր, որին կարելի է թելերը քաշելով կառավարել։ Այն չի ընկալվում որպես խամաճիկ: Հաճախ լրատվամիջոցներում կարելի է հրապարակումների հանդիպել, թե Ռուսաստանը մեծ եղբայրն է եւ այլն: Բայց քաղաքականությունը որոշող եւ որոշումներ ընդունող մարդիկ այն ընկալում են որպես դաշնակից. բարդ, բայց դաշնակից»,- հավելել է նա: