ԻՄՐԵ ԿԵՐՏԵՍ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՈՉ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
III
«Թարգմանության դժվարությունները»
Կերտեսի Նոբելյան մրցանակը վիճարկողները Հունգարիայում ոչ միայն նրա հայտնիության, այլեւ ստեղծագործությունների ոչ բավարար գեղարվեստական որակն են վկայակոչում։
Ինքս նրա գլխավոր վեպի՝ «Անբախտության» գնահատման երկու փուլ եմ անցել։ Առաջինը հիացմունքն է։ Պատանու, նույնիսկ դեռահասի աչքերով համակենտրոնացման ճամբարի սարսափների նկարագրությունը՝ առանց սեփական ապրումների, դատապարտման, անեծքի, ցնցեց ինձ (թեեւ շատ հրեաներ էլ ժամանակին դժգոհ էին Հոլոքոսթի նկարագրության «չեզոք» ոճից)։ Կերտեսի հերոսը նույնիսկ հիանում է գերմանացի սպաների համազգեստով, նրանց ձիգ կեցվածքով։ Դա ավելի է շեշտում ֆաշիստների անմարդկային վարքը… Շատ տպավորիչ է նաեւ վեպի ավարտը, երբ նա, իր ծննդավայր Բուդապեշտ վերադառնալով, տեսնում է, որ իրենց տունը ուրիշներն են զբաղեցրել, միջոց չունի գոյատեւման, իրեն թարս են նայում ճամբարականի տեսքի պատճառով։ Եվ երանի է տալիս օսվենցիմներին, որտեղ ողորմելի օրապահիկը, դաժան վերաբերմունքը մահվան դատավճիռ էին, բայց բարդ որոշումներ կայացնելու կարիք չուներ՝ ուրիշներն էին դա անում։ Պատահական չէ, որ Նոբելյան հանձնաժողովը վեպի ուղերձը համարել է «ապրել նշանակում է հարմարվել» բանաձեւը։
Երկրորդ փուլը վրա հասավ, երբ սկսեցի թարգմանել վեպը։ Դժվար ու երկար։ Թեեւ գործը ծավալով ավելի շատ վիպակ է, քան վեպ։ Լեզուն մանվածապատ էր, մի տեսակ՝ գրասենյակային.
Արդյոք դեռահասը, որի անունից առաջին դեմքով ներկայացվում է պատմությունը, այսպես կպատմի իր պատմությունը։ Քիչ մնաց կիսատ թողնեի թարգմանությունը, բայց, ի վերջո, հայերենում մեղմորեն նվազեցրի միջանկյալ բառերի թիվը, որոնք իրենց առատությամբ երբեմն մշուշում էին հիմնական ասելիքը։ Գիրքը լույս տեսավ 2016-ին, «Անտարեսի» Նոբելյան մրցանակի դափնեկիրների շարքով։ Ինքս ինձ արդարացրի նրանով, որ հունգարական գրականության մեջ առհասարակ եղանակավորող բառեր ավելի շատ են օգտագործվում, քան մեզանում։
Երբ առիթ եղավ «թարգմանության դժվարությունների» մասին ակնարկելու Կերտեսի այլ թարգմանիչների միջավայրում, բոլորը հարձակվեցին վրաս, թե մեծ գրողի լեզուն կատարյալ է։ Ու ես երկմտանքի մեջ էի, մինչեւ որ խնդիրը չքննարկեցի կերտեսագետ Զոլտան Հաֆների հետ։ Նա համաձայնեց ինձ հետ, ավելին՝ մեջբերում տրամադրեց գրողի «Ձեւակերպման արկածը» գրքույկից («Վիգիլիա», Բուդապեշտ, 2009, էջ 91), որտեղ նա ասում է, որ վեպի լեզուն միտումնավոր է տգեղ.
Ես հավատացի հեղինակին, որ հատուկ է այդ ծանր բառապաշարը տվել իր հերոսին՝ որպես բռնապետության միջամտություն, նույնիսկ Դյուրիի ներքին մենախոսության լեզվին։ Բայց արդյոք հասե՞լ է իր նպատակին, եթե շատ թարգմանիչներ ոչ թե նկատել են այդ խառնուրդն ու ջանացել փոխանցել, այլ փառաբանում էին վեպի լեզուն որպես կատարյալ հունգարերեն։
Զոլտան Հաֆների կարծիքով, չի բացառվում, որ 1970-ականների ընթերցողը դեռ հասկացել է, թե ինչու է Դյուրիի լեզուն այդքան արհեստական։ Այսինքն՝ Զոլտանը եւս, լինելով հունգարախոս, ի տարբերություն ինձ, տեքստից չէր զգացել գրողի մտադրությունը՝ ընդամենը մեկ սերնդով բաժանված լինելով Կերտեսից։
Իսկական հրաշքը
Գրողի համար հրաշքը, իհարկե, ոչ թե մրցանակներն են, այլ հենց գրվածքը, եթե համոզված է, որ իրեն հաջողվել է իրականացնել մտահղացումը, շատերն էլ ասել են, որ ստեղծագործական բարդ ընթացքը՝ ինքը։ Կերտեսի կյանքում եղել է մի կին, որը հավատացել է նրա տաղանդին։ Երբ ես Զոլտան Հաֆներին առաջարկեցի հանդիպել որեւէ «կերտեսային» տեղում, նա հիշեց «Օպերետ» սրճարանը, որտեղ Իմրեն ծանոթացել էր իր առաջին կնոջ հետ։
Ալբինան չապրեց մինչեւ ամուսնու Նոբելյան մրցանակը, մահացավ 1995-ին քաղցկեղից։ Երբ 1970-ականներին «Մագվետո» հրատարակչությունը մերժում է «Անբախտությունը», Ալբինան, որ մատուցողուհի էր աշխատում, գտնում է սպասարկման ոլորտի ղեկավար Պետեր Բորոշին եւ ասում, որ ամուսինը հունգարացի մեծ գրող է, բայց գիրքը չի տպագրվում։ Նա աշխատավարձի բարձրացում է խնդրում, քանի որ ինքն է պահում ամուսնուն եւ հանձնում է վեպի ձեռագիրը։ «Տնօրենը վերցնում է ձեռագիրը եւ երկու շաբաթ անց բարձրացնում Ալբինայի աշխատավարձը,- վկայում է Դյորդյ Շպիրոն:- Քսան տարի անց Պետեր Բորոշը կդառնա ներքին գործերի նախարար, 1993-ին՝ վարչապետ եւ կփորձի վերականգնել հին կարգերը, որոնք ժամանակին զրկել էին Կերտեսին եւ նրա ընկերներին իրավունքներից: Հունգարիան հեշտ տեղ չէ»:
Իսկական վեպ է Ալբինայի կյանքը, որը ինը տարով մեծ էր Իմրեից։ Կորցրել է ծնողներին Հոլոքոսթի տարիներին Իմրեի նման, տեղահանվել է երկրից որպես հրեա, բազմիցս հարցաքննվել, տանջանքների ենթարկվել Գեստապոյի կողմից։ Նրան կեղծ փաստաթղթերով փախցրել է երկաթուղային մի բարձր պաշտոնյա, որը հետագայում պետք է առաջին ամուսինը դառնար, իսկ ցուցադրական, շինծու դատավարությունների շրջանում՝ 1952-ին, մահապատժի ենթարկվեր։ Նույն լրտեսամոլ թվականներին, իբր ինչ-որ օտարերկրյա գործակալների հանցախմբի հետ կապ ունենալու համար Ալբինան եւս կարճ ժամանակով բանտ է նստել, դժվարությամբ, դատարանով տիրացել իր 28 քմ-անոց բնակարանին, որտեղ ծանր պայմաններում ապրել են ինքն ու Իմրեն 1954-ից մինչեւ 1991-ը։
Ալբինան մատուցող էր եղել, բեռնատարի վարորդ, «խորթ տարր». կենսագրության բերումով մատուցողից բարձր դիրք չի զբաղեցրել «սոցիալիստական» Հունգարիայում, բայց 1954-ից մինչեւ կյանքի վերջը գրական միջավայրում է անցկացրել, Իմրեի կողքին։
Կերտեսը հետագայում եւս մեկ անգամ ամուսնացավ, իրենից 20 տարի փոքր կնոջ հետ, բայց այդպես էլ չամոքվեց Ալբինայի մահվան վշտից, իրեն 42 տարի ուղեկցած այդ հրաշքի կորստից։
շարունակելի
My Hungarians: Faces, Places and Traces
#EU4Culture