Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է բացելու Հայաստանի հետ սահմանները։ Նա հավելել է, որ այս հարցը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումից։ «Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսում սահմանային անցումները կբացվեն։ Արդյունքում` երկկողմ առեւտրաշրջանառությունը կավելանա»,- նշել է նա: Նախարարը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է սեղմ ժամկետներում վերականգնելու բոլոր ենթակառուցվածքները եւ հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացելու։
Փետրվարի 5-ին ավելի վաղ հայ–թուրքական հարաբերություններից խոսել է նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Milliyet» պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել են Իլհամ Ալիեւն ու իրենց նախագահը։ Եվ որ «Զանգեզուրի միջանցքը» եւ դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի եւ անվտանգության համար։ «Արտաքին ուժերի ազդեցության տակ նրանք երազանքների գիրկն են ընկել, բայց դա տրամաբանական մոտեցում չէ։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն օգտվի ընձեռված հնարավորությունից»,- ասել է Հուլուսի Աքարը։ Թուրքիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ Ադրբեջանի հետ նրանք շարունակում են մեկ բռունցք ու մեկ սիրտ լինել։