Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ)՝ ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանման պատճառով Ռուսաստանը հունվարին կորցրել է 8 միլիարդ դոլար։ Դա նավթագազային ոլորտում ՌԴ ստացվող ամենամսյա եկամուտների 1/3-րդն է։ ՄԷԳ-ի ղեկավար Ֆաթիհ Բիրոլը նշել է, որ ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանումն ըստ էության ծառայել է իր նպատակին, ինչպես Մոսկվայի՝ նավթի արտահանումից ստացվող եկամուտների կրճատման, այնպես էլ գլոբալ նավթային շուկան կայունացնելու առումով։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ից սկսել է գործել ծովային ճանապարհով մատակարարվող ռուսական նավթի նկատմամբ սահմանված ԵՄ էմբարգոն։ Միաժամանակ, «Մեծ Յոթնյակն» ու Ավստրալիան ռուսական նավթի համար սահմանել են գնի վերին շեմ՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի չափով։ Բացի այդ՝ ԵՄ-ն փետրվարի 5-ից սահմանել է ռուսական ծագման նավթամթերքների համար երկու սահմանային գնանիշ։ Հում նավթի նկատմամբ զեղչով վաճառվող նավթամթերքների համար, ինչպես, օրինակ՝ մազութի, սահմանվել է մեկ բարելի դիմաց 45 դոլար։ Բարձր վերամշակման նավթամթերքների համար, որոնք հում նավթի նլատմամբ վաճառվում են պրեմիումով, սահմանվել է մեկ բարելի դիմաց 100 դոլար առավելագույն թույլատրելի գին։ Այս դասակարգին են պատկանում բենզինն ու դիզվառելիքը։
Ռուսաստանն իր հերթին գնային վերին շեմ սահմանած «ոչ բարեկամ» երկրներին նավթի մատակարարումը դադարեցրել է։