Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել թուրք պրոֆեսոր, անվանի երկրաշարժագետ եւ երկրաֆիզիկոս Օվգյուն Ահմեդ Էրջանը։ Նշել է, որ Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ։ «Երկրաշարժի վայրը չորս հիմնական խզվածքների միացումն է։ Մեռյալ ծովի խզվածք, Արեւելյան Անատոլիայի խզվածք, Արաբական վահան եւ Կիպրոսի աղեղ: Դա ամենամեծ երկրաշարժն էր, որը կարող էր տեղի ունենալ Օսմանիյեի եռանկյունում»,- պարզաբանել է Ահմեդ Էրջանը։ Պրոֆեսորը կոչ է արել, որ ողջ մնացածները հեռանան փլատակներից, քանի որ ուժեղ հետցնցումներ են դեռ լինելու։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Գազիանթեփից 27 կմ հեռավորության վրա, որի բնակչությունը գերազանցում է 1 միլիոնը: Օջախը 10 կմ խորության վրա է։ Երկրաշարժին հաջորդել է առնվազն 78 հետցնցում, որոնցից ամենահզորը` 6.6 մագնիտուդով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 7-օրյա սուգ է հայտարարել երկրում։
«Մինչեւ փետրվարի 12-ի մայրամուտն ամբողջ երկրում եւ արտասահմանյան ներկայացուցչություններում կիջեցվի Թուրքիայի դրոշը», — տելեգրամյան ալիքի իր գրառմանմեջ նշել է Թուրքիայի նախագահը։
Զոհվել է 2900, տուժել՝ 15 հազար մարդ, փլուզվել է ավելի քան 5000 շենք
Թուրքիայի 6 շրջաններում փետրվարի 6-ին՝ 04.17-ի (Երեւանի ժամանակով 05.17-ի), 7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի ժամանակ ցնցումներ են գրանցվել նաեւ հարեւան Սիրիայում, բազմաթիվ քաղաքներում կան ավերածություններ ու զոհեր։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1400-ի, վիրավորվել է ավելի քան 1300 մարդ։ Ըստ Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի՝ ամենաուժեղ ցնցումները եղել են Իդլիբում, Հալեպում եւ Լաթաքիայում։ Զոհերի մեջ հայեր էլ կան։
Թսուրքիայի իշխանությունները խոստովանել են, որ զոհերի ճշգրիտ թիվը դեռ հնարավոր չէ նշել, շատերը դեռ փլատակների տակ են։ Թուրքիայ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փրկարարական աշխատանքների համակարգման կենտրոնից ունեցած ելույթում հայտնել է, որ հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2900 -ը, տուժել է 15 հազար մարդ, փրկվել է 2470 մարդ, փլուզվել է ավելի քան 5000 շենք։
ԵՄ-ն կօգնի երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային
ԵՄ խորհուրդը նախագահող Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ Եվրամիության պետությունները պատրաստ են օգնելու Թուրքիային եւ Սիրիային երկրաշարժից հետո, որի հետեւանքով այդ երկրներում հարյուրավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել։ Իտալիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Անտոնիո Տայանին էլ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է քաղաքացիական պաշտպանության մասնագետներ ուղարկելու Թուրքիա՝ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար։ Տայանին նաեւ իր աջակցությունն է հայտնել սիրիացի ժողովրդին, որը երկար տարիներ պատերազմից հետո հերթական ծանր հարվածն է ստանում: