Լեհաստանն ընթացիկ տարվա մարտից կսկսի էլեկտրոնային պարսպի կառուցումը Ռուսաստանի՝ Կալինինգրադի մարզի հատվածում ունեցած սահմանին։ Էլեկտրոնային պարիսպը կկառուցի TELBUD ընկերությունը, որի հետ պայմանագիրը ստորագրվել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին։ Շինարարությունը կարժենա 79 միլիոն եվրո։
Ներկայում, համաձայն լեհական մամուլում տեղ գտած հրապարակումների, կապալառու ընկերությունը նախագծային աշխատանքների պատրաստության փուլում է։ Այն ավարտելուց հետո կներկայացվի պետական սահմանապահ ծառայությանը, որի հաստատումից հետո էլ կսկսվեն շինարարական աշխատանքները։
Պարիսպը կունենա 199 կմ երկարություն։ Կահավորված կլինի հաղորդիչների եւ տեսախցիկների համակարգով, որոնք թույլ կտան շուրջօրյա «իրական ժամանակի» ռեժիմով հսկել սահմանային իրավիճակը՝ անկախ եղանակային պայմաններից, առանց անմիջականորեն սահմանագոտում գտնվելու։ Համակարգի ալգորիթմը կլինի այնպիսին, որ կարձագանքի մարդկանց եւ ոչ թե կենդանիների՝ սահման հատելու փորձերին։