Նորվեգիայի կառավարությունը 6,8 միլիարդ եվրո է հատկացնում Ուկրաինային՝ օգնության բազմամյա փաթեթի շրջանակում։ Ըստ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի` նախատեսվող օգնությունը կարող է ծախսվել ռազմական եւ քաղաքացիական նպատակներով։ Ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար, սակայն այն դեռ պետք է հաստատի Նորվեգիայի խորհրդարանը։
Ուշագրավ է , որ ծրագրին աջակցում են ոչ միայն գործող իշխանությունները, այլեւ ընդդիմադիրները։ Առաջին տարում հատկացվելիք գումարները հավասարապես կբաժանվեն ռազմական եւ քաղաքացիական ծրագրերի միջեւ։ Սակայն հաջորդիվ համամասնությունը կարող է փոխվել։ Նորվեգիայի վարչապետը նաեւ ասել է, որ իր երկրի շահերից է բխում, որ Ուկրաինան չպարտվի պատերազմում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել վարչապետ Ստյորեին՝ ընդգծելով, որ նախատեսվող բազմամյա օգնության փաթեթը յոթերորդն է, որ Նորվեգիան հատկացնում է Ուկրաինային։