Ճապոնիան ցանկանում է հաշտության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ՝ անկախ հարաբերություններում ստեղծված բարդ իրադրությունից:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան «Հանուն հյուսիսային տարածքների վերադարձի համազգային հանրահավաքում» չափազանց ցավալի է համարել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 77 տարի անց հյուսիսային տարածքների հարցը դեռևս չլուծված է, եւ Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ մինչ օրս չի կնքվել հաշտության պայմանագիր:
«Ներկայում ճապոնառուսական հարաբերությունները ծանր վիճակում են Ուկրաինայում ռուսական ագրեսիայի պատճառով: Սակայն Ճապոնիայի կառավարությունը հաստատակամորեն մտադիր է լուծել տարածքային խնդիրը եւ կնքել հաշտության պայմանագիր»,- ասել է Կիսիդան։
Համազգային հավաքներին ավանդաբար մասնակցում են նախարարներ, խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ իշխող եւ ընդդիմադիր կուսակցություններից, Կուրիլների հարավային մասի նախկին բնակիչներ։
Ճապոնիայի կառավարության՝ 1981 թվականին ընդունած որոշմամբ՝ «Հանուն հյուսիսային տարածքների վերադարձի համազգային հանրահավաքներն» ամեն տարի անցկացվում են փետրվարի 7-ին՝ ի հիշատակ 1855 թվականի այդ օրը ստորագրված ռուս-ճապոնական առաջին պայմանագրի (Ճապոնիայում հյուսիսային տարածքներ են անվանում Կուրիլյան կղզիների հարավային մասը)։
Մոսկվան եւ Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ են վարել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով հաշտության համաձայնագրի մշակման նպատակով։ Դրան խոչընդոտում են տարաձայնությունները Կուրիլների հարավային մասի նկատմամբ իրավունքների հարցում։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագը ներառվեց Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի եւ մի խումբ փոքր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։
ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ Մոսկվայի ինքնիշխանությունն այս տարածքների նկատմամբ ունի համապատասխան միջազգային իրավական ձեւակերպում եւ կասկածի ենթակա չէ: