Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Թուրքիայի հարավ-արեւելքում` Սիրիայի հետ սահմանի մերձակայքում, ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել 8 անգամ: Ներկա դրությամբ զոհերի թիվը շուրջ 7000 է եւ շարունակում է աճել: Փրկարարները սառնամանիքի ու ձյան պայմաններում ողջ մնացածներին գտնելու նպատակով մանրակրկիտ ստուգում են փլվածքների կույտերը: Փետրվարի 7-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում փլատակներից դուրս են բերել ավելի քան 20 ժամ մնացած 3 տարեկան մի աղջկա:
Եվրոպայում արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ-ի ավագ մասնագետ Քեթրին Սմոլվուդը Ֆրանսպրեսին հայտնել է, որ զոհերի կամ վիրավորների թվի մասին նախնական զեկույցները, ցավոք, զգալիորեն ավելանում են երկրաշարժին հաջորդող շաբաթում։ Արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ-ի ավագ մասնագետ Ադելհեիդ Մարշանգն իր հերթին հայտնել է, որ կազմակերպության գնահատականներով՝ Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժից տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի: Աշխարհի տարբեր երկրներ աջակցություն են ցուցաբերում որոնողափրկարարական աշխատանքներին՝ ուղարկելով մասնագետների խմբեր, փրկարար շներ եւ սարքավորումներ:
Արաբական սալը Անատոլիական սալի նկատմամբ տեղաշարժվել է մոտ 3 մետրով․ գիտնականներ
Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) նախագահ Կառլո Դոլիոնին հայտնել է, որ Թուրքիայի հարավում երկրաշարժը երկրաբանական տեղաշարժ է առաջացրել, որի հետեւանքով քարոլորտային սալերը երեք մետրով տեղափոխվել են։ «Արաբական սալը հյուսիս-արեւելք-հարավ-արեւմուտք ուղղությամբ մոտավորապես 3 մետրով տեղաշարժվել է Անատոլիական սալի նկատմամբ»,- Corriere della Sera պարբերականին ասել է փորձագետը: Գիտնականն ասել է, որ Թուրքիան, կարծես, տեղափոխված լինի դեպի հարավ-արեւմուտք։ Ըստ Դոլիոնիի՝ բեկվածքի ընդհանուր չափը առնվազն 150 կիլոմետր է, այդ ամենը տեղի է ունեցել մի քանի տասնյակ վայրկյանում։
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 7-ին 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել ավերիչ երկրաշարժերից տուժած երկրի 10 նահանգներում, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է:
Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը փետրվարի 7-ին փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում անցկացվող որոնողափրկարարական աշխատանքներին: ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունից Սիրիա են մեկնել՝ 29, Թուրքիա՝ 27փրկարար։