ՀՀ Կառավարությունից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի եւ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Սիրիայի եւ Թուրքիայի նախագահներին եւ ժողովուրդներին փետրվարի 6-ի հուժկու երկրաշարժի կապակցությամբ: Նա շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին եւ նշել, որ Հայաստանը պատրաստվում է աջակցելու Սիրիային՝ զորավիգ լինելու երկրաշարժից տուժած բնակչության ծանր կենսական պայմանները թեթևացնելու եւ աղետի հետևանքները վերացնելու հարցում:
Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվելիք օժանդակության համար եւ հույս հայտնել, որ նաեւ Հայաստանի Հանրապետության օգնությամբ հնարավոր կլինի հնարավորինս արագ հաղթահարել երկրաշարժի ծանր հետեւանքները:
Թուրքիայի նախագահն իր հերթին Փաշինյանին շնորհակալություն է հայտնել զորակցության համար եւ նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարեւորելով այդ քայլը նաեւ երկու երկրների միջեւ հետագա երկխոսության խորացման տեսանկյունից: