Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման վարչությունից (AFAD) հայտնել են, որ փետրվարի 9-ի առավոտվա դրությամբ Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում ավերիչ երկրաշարժերից զոհվել է շուրջ12 հազար մարդ, եւս 62 հազար 914-ը վիրավորվել է։
Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայում զոհվել է առնվազն 3100 մարդ, ներառյալ 1900 մարդ՝ ապստամբների վերահսկողության ներքո գտնվող շրջաններում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ երկրաշարժի պատճառով տուժած շուրջ 23 միլիոն մարդկանցից 1,4 միլիոնը երեխաներ են։ Կարմիր խաչից էլ մտահոգություն են հայտնել, որ երկրաշարժից հետո Սիրիայում փլատակների տակ ավելի շատ մարդ է մնացել, քան Թուրքիայում, ինչը պայմանավորված է Սիրիայում որոնողափրկարարական անհրաժեշտ տեխնիկայի բացակայությամբ:
Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշի Պազարջիկի եւ Էլբիստանի շրջաններում 7,7 եւ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ եւ 10-11 բալանոց երկրաշարժերից հետո գրանցվել է 1052 հետցնցում։ Բացի Քահրամանմարաշից՝ ավերիչ երկրաշարժերի հետեւանքներից տուժել են Թուրքիայի եւս տասը նահանգներ՝ Գազիանթեփեն, Շանլըուրֆան, Դիարբեքիրը, Ադանան, Ադըյամանը, Օսմանիեն, Հաթայը, Քիլիսը, Մալաթիան եւ Էլյազըգը։ Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է 22 հազար 277 բրիգադ, աղետի գոտի է տեղափոխվել 5557 միավոր տեխնիկա։ Երկրաշարժից տուժած հատվածներում փրկարարական աշխատանքներին մասնակցելու եւ աղետի հետեւանքները վերացնելու համար աշխատում են ավելի քան 110 հազար 500 կամավորներ, այլ երկրներից օգնության համար ժամանել է 5709 մարդ։