ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական կոալիցիան՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ, փետրվարի 8-ին Արցախի շրջափակման դեմ բանաձեւի նախագիծ է ներկայացրել։ Բանաձեւը նպատակ ունի մեծացնելու ԱՄՆ-ի ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի Բաքուն վերջ տա Արցախի երկու ամիս շարունակվող շրջափակմանը: Օրինագիծը հեղինակել են Նյու Ջըրզի եւ Կալիֆոռնիա նահագներից ընտրված դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը եւ Բրեդ Շերմանը։ Օրինագծի սկզբնական աջակիցների թիվը Ներկայացուցիչների պալատում արդեն հասնում է 65-ի։ Աջակիցների թվում ե՛ւ հանրապետական, ե՛ւ դեմոկրատ օրենսդիրներ կան: Նախագծի հեղինակները շեշտել են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը գործընկերներին ուղղված նամակում գրել է, որ Ալիեւի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայերին Արցախից հեռացնելու համար եւ նրանց զրկելու իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական եւ արժանապատիվ ապրելու հնարավորությունից։ Բրեդ Շերմանն էլ իր հերթին գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է գործի եւ միանշանակ դատապարտի այս մահացու շրջափակումը։
Անհապաղ դադարեցնել ԱՄՆ ցանկացած ռազմական կամ անվտանգության աջակցություն Ադրբեջանին
Բանաձեւի ընդունվելու դեպքում Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ վարչակազմին հինգ գործնական քայլ կառաջարկի Արցախում հումանիտար ճգնաժամի վատթարացումը կանխելու համար: Բանաձեւով առաջարկվում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար դիմել միջազգային դատարաններին, Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայումն ապահովելու համար համագործակցել միջազգային գործընկերների, ներառյալ Արցախի իշխանությունների հետ։ Առաջարկվում է նաեւ անհապաղ դադարեցնել ԱՄՆ ցանկացած ռազմական կամ անվտանգության աջակցություն Ադրբեջանին, կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման եւ մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ադրբեջանական ագրեսիայից տուժող արցախահայերին ամերիկյան կայուն մարդասիրական օգնության եւ զարգացման երկարաժամկետ աջակցության հզոր ծրագիր մշակել: