ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությամբ եռակողմ երկխոսությունը, եթե այն նպաստի Կովկասում առկա հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը։ Ըստ ռուս դիվանագետի` Մոսկվան բազմիցս ասել է իր գործընկերներին, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցելու այն միջազգային ձեւաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին եւ ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ինչպես նաեւ հաշվի են առնում ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը։
Զախարովան հավելել է, որ եթե այդ նախաձեռնության հետեւում նշմարվում են Վաշինգտոնի եւ Բրյուսելի ուրվագծերը, որոնք, ըստ նրա, ձգտում են խափանելու Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը, ուրեմն դա բոլորովին այլ պատմություն է: Զախարովան շեշտել է, որ հենց եռակողմ պայմանավորվածություններն են Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հիմքը։ Այս ձեւաչափի շրջանակում 2020-ից մեկնարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաեւ հասարակական, փորձագիտական եւ խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջեւ շփումների հաստատման առանցքային գործընթացները։
Անդրադառնալով Անդրկովկասի ձեւաչափերին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մատնանշել է «3+3» խորհրդատվական-տարածաշրջանային հարթակը, որն ընդգրկում է Անդրկովկասի երեք պետությունները, ինչպես նաեւ ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանը: Ըստ Զախարովայի՝ այդ մեխանիզմը կօգնի հարթելու նրանց միջեւ հակասությունները, զարգացնել առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ մշակութային-մարդասիրական կապերը, պայքարել ընդհանուր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ։