Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ փետրվարի 11-ին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիին եւ Իրանի բարեկամ ժողովրդին շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը եւ ՀՀ ԱԺ նախագահը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում վարչապետ Փաշինյանը նշել է, որ բազմադարյա արմատներ, հարուստ պատմություն եւ ավանդույթ ունեցող հայ-իրանական ջերմ եւ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն երկու երկրների համար։ Իրանի նախագահին ուղղված ուղերձում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր մակարդակի հասցնել միջպետական փոխգործակցությունը, որի բազմոլորտ օրակարգն առավել կընդլայնվի՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության եւ անվտանգության։ Նա Իրանի բարեկամ ժողովրդին կայուն խաղաղություն է մաղթել։
«Հայաստանը ցանկանում է ընդլայնել եւ խորացնել փոխշահավետ համագործակցությունը Իրանի հետ` հօգուտ տարածաշրջանային անվտանգության եւ մեր ժողովուրդների շահերի։ Իրանի եղբայրական ժողովրդին եւ կառավարությանը խաղաղություն, բարօրություն եւ բարգավաճում եմ մաղթում»,– թվիթերյան իր գրառման մեջ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Իրանը մեր հազարամյա հարեւանն է, Հայաստանի բարեկամը։ Այսպես եղել է, կա եւ կլինի։ Շնորհավոր Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնը»,– թվիթերյան իր գրառման մեջ նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։