Թուրքիայում երկրաշարժը հավասարազոր էր 500 ատոմային ռումբի պայթյունի, տարածաշրջանը բառացիորեն երկու րոպե ցնցվում էր։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը։
«Մենք բախվեցինք ավելի մեծ աղետի, քան կանխատեսում էինք: Վերլուծում ենք փետրվարի 6-ի երկու երկրաշարժերը: Առաջին երկրաշարժը տեւեց 65 վայրկյան, ավերիչ ազդեցություն ունեցավ, երկրորդը, որը տեւեց 45 վայրկյան, եւս ավերիչ ազդեցություն ունեցավ: Տարածքը ուժգին ցնցվեց մոտ 2 րոպե, երկու երկրաշարժերը համարժեք էին 500 ատոմային ռումբի պայթյունի էներգիային»,- լրագրողներին ասել է Թաթարը։
Թուրքիայում երկրաշարժի վերաբերյալ փետրվարի 6-ին թուրք պրոֆեսոր, անվանի երկրաշարժագետ եւ երկրաֆիզիկոս Օվգյուն Ահմեդ Էրջանը նշել էր, որ Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ։ Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ փետրվարի 6-ին երկրաշարժը համազոր էր Երկիր մոլորակում երբեւէ պայթեցված ամենահզոր միջուկային ռումբի՝ 58,6 մեգատոն հզորության խորհրդային АН602 ատոմային ռումբի ուժգնությանը։
10 անգամ գերազանցել են Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժներին
Ճապոնացի սեյսմոլոգ, պրոֆեսոր Թոդա Սինջին «Ասահի Շիմպուն» պարբերականին տված հարցազրույցում անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին, նշել է, որ Թուրքիայում ստորգետնյա ցնցումներն անսպասելի ուժեղ են եղել։ Ըստ ճապոնացի պրոֆեսորի՝ երկրաշարժների էպիկենտրոնները մոտ են եղել երկրի մակերեւույթին, այդ պատճառով էլ վնասի չափերն այդքան մեծ են եղել։ Սինջին ընդգծել է, որ երկրաշարժի ժամանակ անջատված էներգիայի քանակությունը ավելի քան 10 անգամ գերազանցել է 1995 թվականի Խանսիի մեծ երկրաշարժին եւ 2016 թվականի Կումամոտոյի երկրաշարժին:
Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը նախօրեին հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել են վնասված կամ փլուզված 12 հազար 141 շենք եւ 66 հազար 58 առանձին շինություն։