Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում փետրվարի 11-ին հանդիպել է Սյունիք ժամանած՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains — LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քսավիե Բելամինին։ Մարզպետը Բելամինին ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաեւ ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։
Պարոն Բելամինն առաջիկայում Եվրախորհրդարանում ելույթ պետք է ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու եւ դրա հետեւանքների թեմայով։ Նա Սյունիք է եկել՝ այնտեղ կատարվողն անձամբ տեսնելու համար։ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորին հետաքրքրում էր թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը։ Այցելելով սահմանակետ՝ Ֆրանսուա-Քսավիե Բելամինինն արձանագրել է, որ ճանապարհը փակ է, եւ քաղաքացիներն այդտեղով անցնել չեն կարողանում։ Գորիսում բնակվող արցախցիներն էլ ԵԽ պատգամավորին հայտնել են իրենց ամենանվիրական՝ հայրենիք վերադառնալու ցանկության մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 12-ից առ այսօր փորձում են միջազգային հանրությանը մոլորեցնել, որ Լաչինի միջանցքը փակ չէ, եւ ոչ մի շրջափակում ու դրանից բխող հումանիտար աղետի վտանգ չկա, եւ որ հայերը պարզապես զրպարտում ու վարկաբեկում են ադրբեջանական «բնապահպաններին»։