Շվեյցարական RTS հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Թուրքիայում շվեյցարացի փրկարարները փլատակներից հանել են մի քանի ամսական Վարդանին եւ նրա մորը՝ Յասմինին։ Սոցցանցերում նշվում է, որ հրաշքով փրկված մայրն ու երեխան հայ են։
Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի երկրաշարժի հետեւանքով հայ համայնքից 9 մարդ է մահացել։ «Հայ համայնքում անհետ կորածներ չունենք, սակայն փլատակների տակ դեռեւս մարդիկ կան։ Նրանց թիվը մեծ չէ, հազիվ մեկ տասնյակի հասնեն»,- նշել է նա։ Էստուկյանը հավելել է, որ հետզհետե հույսը մարում է, որ փլատակների տակից կարող են դուրս բերել ողջ մնացածների։ Իսկ որոնողափրկարարական աշխատանքներն ավելի ինտենսիվ շարունակվում են այն հատվածներում, որտեղից փրկարարները ձայն են լսում։
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թվում են նաեւ հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը եւ նրա ամուսինը։ Երկրաշարժի հետեւանքով զոհվել է Թուրքիայում ապրող հայ երաժիշտ, ուդահար Ստեփան Եփրեմյանի եղբայրը՝ Սամվելը: Թուրքիայի Մալաթիա քաղաքում էլ զոհվել են հայ ամուսիններ ու նրանց մանկահասակ երեխան։
Հալեպի Հայ մարմնամարզական միությունից ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայի Ալեքսանդրետի շրջանում երկրաշարժի հետեւանքով մահացել են հալեպցի Դշխուն Մեսրոպյանը եւ նրա երկու երեխաները` Արմիկն (1978) ու Մեսրոպը (1985)։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ սիրիահայ Թենեքեջյանների ընտանիքից 2-ը զոհվել են, եւս 2-ը՝ վիրավորվել։