2023-2024 ուսումնական տարվանից ռազմամարզական ճամբարները պարտադիր կդառնան 10-րդ դասարանն ավարտած եւ 11-րդ դասարան փոխադրվող բոլոր աշակերտների համար: Ռազմամարզական ճամբարի կազմակերպման նպատակը «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքների հարստացումն է եւ դրանց համապատասխան կարողությունների եւ հմտությունների զարգացումը։
Պետությունը 11-րդ դասարանի աշակերտների ռազմամարզական ճամբարի կազմակերպման նպատակով հատկացրել է 1 միլիարդ 661 միլիոն 534 հազար 400 դրամ։ Առողջության խնդիրներ ունեցող աշակերտներն ազատվում են։
Ռազմամարզական ճամբարի տեւողությունը 10 օր է, այն անցկացվելու է ամռան ամիսներին։ 2023 թվականին լինելու է Աղվերանում՝ Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան ՊՈԱԿ-ում։
«Ճամբարը նախատեսվում է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար։ Այն անցկացվելու է առավելագույնը 8 փուլով: Յուրաքանչյուր փուլին մասնակցելու է մինչեւ 150 սովորող: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 473-Ա/2 հրամանով հաստատվել է ճամբարի ուսումնական ծրագիրը։ Համաձայն նույն հրամանի՝ սահմանվել են նաեւ ճամբարի հաստիքները։ Ճամբարի անցկացման համար նախապատրաստական աշխատանքները սկսվել են»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
10-օրյա ռազմամարզական ճամբարը նախորդ տարի ամռանը կազմակերպվեց Տավուշի մարզի աշակերտների համար, սակայն կամավոր սկզբունքով։ Ճամբարն անցկացվել է Երեւանում։ 2022 թվականին ռազմամարզական ճամբարին մասնակցել էր շուրջ 470 դպրոցական (աղջիկ-տղա հարաբերակցությունը գրեթե հավասար էր)։
Ճամբարի ուսումնական գործընթացի ծրագիրը ներառում է ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, համազորային կանոնադրություններ, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ եւ հեռահաղորդակցություն, գոյատեւման հիմունքներ:
Երեւանի թիվ 190 ավագ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Սերգեյ Մինասյանը նշում է՝ Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան ՊՈԱԿ-ում պայմանները հարմար են ռազմամարզական ճամբար անցկացնելու համար։ Ըստ նրա՝ այսպիսի ճամբար անցկացնելու ծրագիրը լավ գաղափար է, եթե, իհարկե, դաշտային պարապմունքի դուրս եկող աշակերտների հետ աշխատեն համապատասխան քանակությամբ եւ մասնագիտական հմտություն ունեցող սպաներ, որպեսզի դասընթացներն արդյունավետ ընթանան, եւ դժբախտ պատահարներ չլինեն։
«Օրինակ՝ ռազմամարզական ճամբարի ընթացքում աշակերտներն ուսումնասիրելու են կապերի տեսակները։ Բնակաբանար անհրաժեշտ է, որ դասընթացը վարողը լինի մասնագետ, ոչ թե, ենթադրենք, զինզեկը։ Կամ, օրինակ, «Գոյատեւման հիմունքներ» դասընթացն անցկացնելիս հմուտ սպայի կարիք կլինի, քանի որ, ցավոք, մեր ռազմագիտության ուսուցիչների մեծ մասը զինվորական չէ, զինվորական ուսուցիչների մի մասն էլ 65-ից բարձր տարիքի է․ այս փաստն էլ պետք է հաշվի առնել։ Այնպես որ եթե բոլոր մանրամասները կանխավ դիտարկեն, ճիշտ կազմակերպեն, իհարկե, ռազմամարզական ճամբարի անկացումն արդյունավետ կլինի»,- ասում է Սերգեյ Մինասյանը։
Ծրագիրն իրականացնելիս մի խնդիր էլ կառաջանա աղջիկներին ռազմամարզական ճամբարում ներգրավելու հարցում, քանի որ բազմաթիվ հայրեր դեմ կլինեն, որ իրենց աղջիկները 10 օր ճամբարում անցկացնեն։
«Նույնիսկ «Ռազմագիտություն» առարկայի շրջանակում անցկացվող կրակային պատրաստության ընթացքում են նման խնդիրներ ի հայտ գալիս, այնպես որ 10-օրյա ռազմամարզական ճամբարի անցկացման պարագայում նման դեպքեր, անկասկած, կլինեն»,- ասում է ռազմագիտության ուսուցիչը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։