Թուրքական TGRT Haber հեռուստաալիքը հաղորդել է, որ Թուրքիայում մայիսի 14-ին նախատեսվող համընդհանուր ընտրությունները հնարավոր է` չանցկացվեն երկրի հարավ-արեւելքում ավերիչ երկրաշարժերի հետեւանքների պատճառով:
«Արդարության եւ զարգացման կուսակցության իրավասու կոմիտեները որեւէ գնահատական չեն տվել ընտրությունների օրը հետաձգելուն կամ չեղարկելուն։ Սակայն մայիսի 14-ի տարբերակը սկսում է անհավանական դառնալ։ Մյուս կողմից, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության միջանցքներում լուրեր են պտտվում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրությունները հետաձգելու է առնվազն 1 տարով»,- նշում է լրատվամիջոցը։ Հեռուստաալիքը մեջբերում է Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածը, ըստ որի` ընտրությունները հետաձգելու միակ բացառությունը պատերազմական վիճակն է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ երկրում համընդհանուր (միաժամանակ նախագահական եւ խորհրդարանական) ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին: Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի մայիսի 14-ը ընդունել Թուրքիայում համընդհանուր ընտրությունների օր։