Ուկրաինական «Պաշտպանության եւ օգնության կազմակերպում» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, Կիեւի փոխքաղաքապետ Վոլոդոմիր Բոնդարենկոն եւ հայաստանյան «Old World» ընկերության հիմնադիր Գարսեւան Խաչատրյանը փետրվարի 11-ին ստորագրել են հուշագիր, որի նպատակն է մշակութային, տեղեկատվական եւ բարեգործական ոլորտներում խթանել հայ-ուկրաինական միջազգային համագործակցությունը։
Հանդիպմանը ներկա են եղել Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, իսկ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը միացել է հեռակապով։
Հուշագրի ստորագրման արարողությանը հրավիրված էր նաեւ Հայաստանում Ուկրաինայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, հայագետ, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոն։
«Հուսանք, որ դրան կմիանան նաեւ մեր դեսպանատները Կիեւում եւ Երեւանում, որոնց ներկայացուցիչները ներկա էին արարողությանը, եւ հայ համայնքը՝ ի դեմս իմ վաղեմի ընկեր Սուրեն Ավագյանի»,- Ֆեյսբուքում հայալեզու գրառում է արել նախկին դեսպանը։
Հուշագիրը խոստանում է բազմակողմանի եւ ծավալուն գործունեություն, որի մի մասն արդեն «Սովորական դենացիֆիկացիա» նախագծի շրջանակում իրականություն է դարձել՝ հատկապես տեղեկատվական եւ մշակութային համագործակցության ասպարեզներում։