Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը զորահավաքի վտանգի պատճառով Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել շտապ հեռանալ այդ երկրից։ Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ենթադրում է, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են չընդունել Ռուսաստանում գտնվող ամերիկացիների երկքաղաքացիությունը, նրանց զրկել ԱՄՆ հյուպատոսական օգնությունից, ինչպես նաեւ զորահավաքի ենթարկել եւ թույլ չտալ նրանց հեռանալ Ռուսաստանից։
Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը համերկրացիներին նաեւ խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ Ուկրաինայի հակամարտության անկանխատեսելի հետեւանքների պատճառով։ ԱՄՆ դեսպանությունը հիշեցրել է նաեւ, որ ամերիկյան քարտերն այլեւս չեն գործում ՌԴ-ում, իսկ ՌԴ-ի բանկերի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ից էլեկտրոնային եղանակով գումար փոխանցելու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Նշվում է նաեւ, որ կոմերցիոն թռիչքների տարբերակները նույնպես սահմանափակ են: 2022-ի սեպտեմբերի 28-ին ԱՄՆ դեսպանությունը հանդես էր եկել համանման նախազգուշացմամբ՝ կոչ անելով իր քաղաքացիներին հեռանալ Ռուսաստանից, քանի դեռ հնարավորություններ կան դրա համար:
Ռուսաստանը բազմիցս հերքել է զորահավաքի երկրորդ ալիքի մասին լուրերը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ նախորդ տարի հայտարարել էր, որ Ռուսաստանում լրացուցիչ զորահավաքի անհրաժեշտություն դեռ չկա։