ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ պետք է զերծ մնալ եվրոպական կառույցներին, մասնավորապես Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերից։ «Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով կա որոշում, մենք առաջնորդվելու ենք դրանով եւ մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այդ պայմանավորվածություններն իրականացվեն։ Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- ասել է Վոլոդինը։
Պետդումայի խոսնակի տեսանկյունից՝ ԵԽԽՎ-ի եւ Եվրախորհրդարանի ներգրավումը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը կսրի իրավիճակը։ «Ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին՝ պետք է 10 անգամ մտածել եւ կշռադատել, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի եւ այլ երկրների օրինակով: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, ոչ թե պետք է պարզապես հեռու մնա ԵԽԽՎ-ից եւ Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի, եւ եթե դա անեն, ապա պետք է պատասխանատվություն կրեն դրա հետեւանքների համար»,- ընդգծել է ՌԴ Պետդումայի նախագահը։
Իր հերթին Գաֆարովան ասել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերն այս խնդրի լուծման գործում։