ՀՀ–ում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին հայտնել է, որ Սիրիայում երկրաշարժի հետեւանքով Լաթաքիա, Հալեպ, Համա նահանգներում երկրաշարժի հետեւանքով ավերվել եւ վնասվել են պատմամշակութային մի շարք կարեւոր կոթողներ, փլուզվել կամ վնասվել է շուրջ 250 դպրոց։
Նորա Արիսյանը Սիրիայի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ «Բացի մարդասիրական օգնությունից, մեզ համար շատ կարեւոր էր նաեւ այն, որ Հայաստանը Սիրիա ուղարկեց որոնողափրկարարական թիմերի: Մենք նրանց կարիքն իսկապես շատ ունեինք»,- շեշտել է դեսպանը:
Անդրեասյանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին եւ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիային աղետալի երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու գործում։
Սիրիայի կրթության նախարար Դարեմ Թաբան նախօրեին հայտնել էր, որ աղետալի երկրաշարժի հետեւանքով Սիրիայում ամբողջությամբ ավերվել է 10 դպրոց, 599-ն էլ մասնակի է վնասվել։