Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ-ում կիբերհանցագործություններն օր օրի ավելանում են եւ կատարելագործվում: Միեւնույն ժաանակ ավելացել են նաեւ նշված հանցագործությունների բացահայտումները: Մասնավորապես, 2022-ին միայն կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը քննել է 641 քրեական վարույթ: 2019-ին քննվել է 117, 2020-ին՝ 209, իսկ արդեն 2021-ին՝ 348 կիբերհանցագործություն:
2019-2021 թվականներին Քննչական կոմիտեում քննվել է 674 քրեական գործ, իսկ միայն 2022-ի ընթացքում՝ դրան համադրելի 641 քրեական վարույթ, գերակշիռ մասը՝ 431-ը կամ 67,2%-ը, քննվել է ֆինանսական կիբերհանցագործությունների դեպքերով, 184 վարույթ կամ 28,7%-ը՝ համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով։ Հանցագործություններից 26-ը կամ 4%-ը քննվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված դեպքերով: 2021-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 10 քրեական գործ, 2022-ին՝ 14 քրեական վարույթ:
Կնքված վարկային պայմանագրերի առնչությամբ տուժող է ճանաչվել բանկը, ոչ թե քաղաքացիները
Քննչական կոմիտեի բացահայտած համակարգչային եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքը տեղի է ունեցել 2021-ի օգոստոսի 2-24-ը, երբ հանցախմբի անդամները տարբեր անձանց անուններով 9 միլիոն 200 հազար դրամի 21 օնլայն վարկային պայմանագիր են կնքել եւ հափշտակել դրանցով հաստատված գումարները։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննիչ Միլենա Մանուկյանն «Առաջինի լրատվական ալիք»-ին հայտնել է, որ մի խումբ անձինք տարբեր կանանց անուններով ներկայացել են որպես «Իդրամ»-ի աշխատակից եւ նամակներ ուղարկել տարբեր քաղաքացիների՝ նշելով` եթե իրենց օգնությամբ գրանցեն էլեկտրոնային դրամապանակ, կստանան 4000 դրամ բոնուս:
Ձեր անձնական բանկային տվյալներն այլ անձանց մի՛ տրամադրեք
Քաղաքացիները տրամադրել էին իրենց անձնական հեռախոսահամարին եկած գաղտնաբառը, որից հետո վերջիններիս անվամբ գաղտնաբառը փոխվել էր, այդ մարդիկ հասանելիությունը կորցրել էին, եւ հնարավոր էր եղել կնքել վարկային պայմանագրեր: Նախապես բացված տարբեր բուքմեյքերական հաշիվների եւ բանկային քարտերի միջոցով հանցագործները դիմակ դրած կանխիկացրել են դրանք: Քրեական վարույթի ընթացքում ինքնությունը բացահայտված երկու անձ կալանավորվել է: Քննիչ Մանուկյանը նշել է, որ կնքված վարկային պայմանագրերի առնչությամբ վարույթն անցկացնող մարմինը որոշել է տուժող ճանաչել բանկին, ոչ թե տվյալ քաղաքացիներին: