Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի կիսավեր այս տանը Զաքարյան Արմենն ու Վարդուհին 8, 6, 4 եւ 2 տարեկան չորս տղա երեխայի են մեծացնում: Տունը զուրկ է ամենատարրական պայմաններից, չկան կոյուղի, ջուր, գազ: Ծակ պատերի մեջ ջերմություն ապահովել երբեք չի հաջողվում:
Տղաներից մեկը լուրջ հիվանդություն ունի: Ամեն ամիս Զաքարյաններն իրենց ընտանեկան աղքատիկ բյուջեից կլորիկ գումար են հատկացնում երեխային թանկարժեք դեղեր գնելու համար: Արմենի արտագնա աշխատանքի վաստակն էլ օրվա հացի խնդիրն է լուծում միայն:
Ընտանիքը կազմավորման օրվանից երբեք մշտական բնակության վայր չի ունեցել. տնից տուն, տնակից տնակ են տեղափոխվել, մինչեւ որ 3 տարի առաջ հաստատվել են Ոսկեհասկում: Թեեւ տունն իրենց չի պատկանում, բայց փաստացի գրանցված են այդ հասցեում: Տանտերը տրամադրել է ժամանակավոր, ասել, որ երբ վերադառնա, տունը պետք է ազատեն:
Տանտիրոջ վերադառնալու օրը մոտենում է: Զաքարյանները մեծ խնդրի առաջ են կանգնել. բացի դրսում հայտնվելուց՝ նրանք կմնան առանց փաստացի հասցեի: Անհասցե մնալու դեպքում էլ կզրկվեն ապրելու հիմնական միջոցից՝ թոշակ-նպաստից:
Հասարակության այն շերտին, որոնք անխնա քննադատում են աղքատ ընտանիքներին, մեղադրում շատ երեխաներ ունենալու համար, Վարդուհին հարցնում է՝ մի՞թե ինքն էլ չէր ուզենա ապրել հարմարավետ տան մեջ, վայելել ընտանեկան ապահով կյանք: Եթե իրենց մեղադրելով խնդիրները կլուծվեն, թող մեղադրեն:
Ախուրյան համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընտանիքին օգնում են ըստ համայնքապետարանի հնարավորությունների: Եթե տվյալ գյուղում Զաքարյանները կարողանան վարձով տուն գտնել, կփոխհատուցեն մի քանի ամսվա վարձավճարը:
Զաքարյանների ընտանիքը Շիրակի մարզում օր օրի աղքատացող հասարակության օրինակ է: Մարդիկ բողոքում են, փորձում հասկանալ, թե երկնիշ թվերով առաջընթաց ունեցող տնտեսության մեջ ինչպես են ավելի թշվառանում ու պայքարում միայն օրվա հացի համար:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։