Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Թուրքիայում եւս երկու կնոջ կյանք փրկած հայ փրկարարների մասին Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի գրառմանը։
«Առանձին մենք կաթիլ ենք, միասին՝ օվկիանոս։ Սա այն օրն է, երբ բոլորս, մի կողմ դնելով մեր էթնիկ պատկանելությունը, ազգությունը, կրոնը, որպես նույն Աստծո զավակներ, որոշեցինք շարունակել ցուցաբերել մարդասիրության եւ մարդկային համերաշխության ամենաբարձր մակարդակը։ Աստված օրհնի բոլորիդ»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Սերդար Քըլըչը։
«Որտե՞ղ է աշխարհը, թուրք ժողովուրդը, ՀԿ-ները, որտե՞ղ է Թուրքիայի Հանրապետություն պետությունը։ Հայաստանից մինչեւ Հունաստան, Աղետների եւ արտակարգ իրավիճակների վարչությունից մինչեւ Կարմիր մահիկ, դրանից էլ մինչեւ «Ահբափ» միություն այստեղ են, պետությունն ու ազգը՝ մեծից փոքր, իր ողջ ուժով այստեղ է, փորձում է փրկել կյանքեր, բուժել վերքեր։ Առանց գովազդի, առանց «ես» ասելու՝ Թուրքիայի համար»,- մեկ այլ գրառմամբ նշել է թուրք դիվանագետը։