Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Դիտարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է հայ–ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հետեւողական քայլերի կարեւորությունը։
«Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ամբողջ շրջանակի անվերապահ իրագործման տրամադրվածությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Հանգամանորեն քննարկվել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման, ներառյալ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրագործման հեռանկարները։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են տարբեր ձեւաչափերով շարունակել շփումները։