ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ գլոբալ տաքացման հետեւանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կարող է բերել ամբողջական երկրների ջրասույզ լինելուն, ինչը կհանգեցնի այնպիսի մասշտաբների զանգվածային մահացության, որպիսին նկարագրված է Աստվածաշնչում՝ ջրհեղեղի դրվագում։ Գուտերեշը կոչ է արել երկրներին փոփոխություններ կատարելու իրենց օրենսդրություններում, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ապաստան տրամադրել եւ լավագույն պատշպանվածություն ապահովել նրանց համար, ովքեր կարող են տուժել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջանալիք հնարավոր աղետից։
ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում ցածրադիր մերձափնյա շրջաններում ապրում է մոտ 900 միլիոն մարդ, եւ նրանք բոլորն էլ խիստ ռիսկային գոտում են։ «Ամբողջական երկրներ կարող են ընդմիշտ անհետանալ»,- նախազգուշացրել է Գուտերեշը։ Սառցադաշտերի շարունակական հալման պայմաններում ջրասույզ լինելու վտանգի առաջ են կանգնած ոչ միայն կղզային պետությունները։ Նույնիսկ Նիդերլանդները, Բանգլադեշը, Հնդկաստանն ու Չինաստանն են ռիսկային գոտում։
Բնապահպանները նշում են, որ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կուղեկցվի ավելի հաճախակիացող հեղեղումներով ու փոթորիկներով։ Ընդ որում, ե՛ւ ջուրը, ե՛ւ հողը կաղտոտվեն աղով եւ մարդու բնականոն կենսագործունեության համար կդառնան ոչ պիտանի։
Գիտական հաշվակներով՝ 1900-2018 թվականներին համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 15-25 սմ-ով։ Եթե մինչեւ 2100 թվականը Երկիր մոլորակի վրա օդի ջերմաստիճանը տաքանա 2 աստիճանով, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա եւս 43 սմ-ով։ Եթե ջերմաստիճանը ավելանա 3-4 աստիճանով, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա մինչեւ 84 սմ-ով։
Science հանդեսն այս տարեսկզբին հրապարակել էր հետազոտություն, ըստ որի՝ գլոբալ տաքացման ներկա տեմպերի պահպանման դեպքում 2100 թվականին հալված կլինի սառցադաշտերի 68 տոկոսը։