Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որտեղ տեղի է ունենալու Միրզոյանի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը։ ՀՀ արտգործնախարարը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում հանդիպելու է նաեւ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
Ըստ «Արմենպրես»-ի՝ օդանավակայանում ՀՀ արտգործնախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: ՀՀ արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է որակել։ «ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է, որ հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարեւանին օգնելու Հայաստանի որոշմանը։ Հուսանք` հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկ է տրվում»,– թվիթերյան իր գրառման մեջ նշել է Կլաարը։
Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022-ի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։