Ըստ Euronews-ի՝ վերջին տվյալներով Թուրքիայում եւ Սիրիայում մի շարք ուժեղ ստորգետնյա ցնցումների զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը։ Թուրքական եւ սիրիական հիվանդանոցները ծանրաբեռնված են: Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ մոտ 80 հազար մարդ հիվանդանոցներում է, ինչը մեծ ճնշում է առողջապահական համակարգի վրա, որը նույնպես տուժել է աղետից։ Շարունակվող որոնողափրկարարական եւ փլատակների հեռացման գործողությունների հետնապատկերում տուժած երկրները կանգնել են մեկ այլ լուրջ խնդրի առաջ՝ որտեղ տեղավորել միլիոնավոր մարդկանց, որոնք մնացել են անօթեւան։ Թուրքիայի նախագահ Էրդողանը խոստացել է մեկ տարվա ընթացքում տներ կառուցել 10 տուժած շրջաններում:
Ստուգված 387 հազար 346 շենքերից 50 հազար 576-ը պետք է շտապ քանդվի
Թուրքիայի շրջակա միջավայրի, ուրբանիզացիայի եւ կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Կուրումը, անդրադառնալով երկրաշարժի գոտում շարունակվող վնասի գնահատման աշխատանքներին, որոնց ներգրավված է 7100 մարդ, հայտարարել է, որ ստուգված 387 հազար 346 շենքերի մեջ հայտնաբերվել է 50 հազար 576 շենք, որ պետք է շտապ քանդել։ Կուրումը հավելել է, որ 279 հազար 655 շենք աննշան է վնասվել կամ ընդհանրապես չի վնասվել։ «Մենք ապամոնտաժելու ենք այն տները, որոնք շտապ պետք է քանդվեն, եւ նոր տներ ենք կառուցելու»,- վստահեցրել է նախարարը:
ՄԱԿ-ը Սիրիայի համար 397 միլիոն դոլարի մարդասիրական հայտ է ներկայացրել
Սիրիայի տուժածների համար ՄԱԿ-ը շտապ դրամահավաք է հայտարարել: «Այսօր ես հայտարարում եմ 397 միլիոն դոլար արժողությամբ ՄԱԿ-ի մարդասիրական հայտի մասին՝ Սիրիայում երկրաշարժից տուժած մարդկանց համար: Դա կտեւի երեք ամիս»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: ՄԱԿ-ի առաջին պատվիրակությունը երեքշաբթի այցելել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ապստամբների վերահսկված տարածքներ: Փորձագետները Թուրքիայից մտել են Բաբ-ալ-Հավա անցակետով եւ մտադիր են գնահատել վնասի չափը։ Նույն օրը ՄԱԿ-ի մարդասիրական բեռը Բաբ-ալ-Սալամ անցակետով հասել է տարածաշրջան, որի բացման մասին նախապես հայտարարել էին սիրիական իշխանությունները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել 43 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու երկրաշարժից տուժածներին։ Ավելի վաղ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել էր, որ փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո Թուրքիայում եւ Սիրիայում մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։