ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն առանձնազրույցից եւ դրան հաջորդած ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես եկել են հայտարարությամբ։ Միրզոյանը, մասնավորապես, հայտնել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը։
«Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ եւս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու եւ, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը եւ ձգտումը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ նշված հարցի վերաբերյալ Չավուշօղլուի հետ որոշ դետալներ է քննարկել։ Նա նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով վերանորոգելու Անիի կամուրջը, ինչպես նաեւ հոգ տանելու համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ։
«Այս պատմական՝ 9-րդ դարում, ոմանց կարծիքով՝ 10-րդ դարում կառուցված կամուրջը միայն երկու ոտք ունի՝ մեկը հայկական կողմում, մյուսը՝ թուրքական կողմում։ Այդ իսկ պատճառով այս Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումը, վերանորոգումը ծայրաստիճան իմաստալից են լինելու։ Այս հարցում էլ միասին ենք աշխատելու»,- նշել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Նա հավելել է, որ հատուկ ներկայացուցիչները եւս առաջիկայում կատարվելիք քայլերի համատեքստում կշարունակեն իրենց աշխատանքները։ Թուրքիայի արտգործնախարարը Միրզոյանի այցը եւ Թուրքիայի համար այս դժվարին օրերին Հաայաստանի ցուցաբերած զորակցությունը չափազանց իմաստալից է որակել:
Ըստ Չավուշօղլուի՝ Անկարայում իր հայ գործընկերն իրեն հայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ «Դրանք շարունակվում են։ Եթե երեք երկրները վճռական քայլեր ձեռնարկեն, ապա դա օգուտ կբերի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, դա կարեւոր է նաեւ տնտեսական բարգավաճման համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Թուրքիայի արտգործնախարարը։