Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին դիմավորելուց հետո գրառում է կատարել։
«Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարեւոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այդ ճակատագիրը ձեւավորում են տառապանքները։ Տարածաշրջանի երկրների միջեւ ցուցաբերված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այդ տառապանքները մեղմելու համար։ Տարածաշրջանի բոլոր երկրների պես Հայաստանն էլ առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»,– թվիթերյան իր գրառման մեջ նշել է Քըլըչը։
Վերջին շրջանի քայլերն առաջիկայում դրական ազդեցություն կունենան
Ավելի ուշ հայաստանյան լրատվամիջոցներին ներկայացնելով Անկարայում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքները՝ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել հայ–թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու աշխատանքներին նոր թափ հաղորդելու ուղղությամբ։ Քըլըչը շեշտել է, որ երկու նախարարները համաձայնության են եկել հնարավոր ամեն ինչ անել Մարգարայի կամուրջը կարճ ժամանակահատվածում արագ կերպով գործարկելու համար։
Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակացություններում Թուրքիայի ներկայացուցիչը նաեւ վստահություն է հայտնել, որ վերջին շրջանի քայլերն առաջիկայում հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ազդեցություն կունենան։