ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը փետրվարի 15-ին ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները եւ փոխանցել ադրբեջանական կողմին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների համանախագահողներին: Նա հավելել է, որ նախագծի վրա աշխատել են ցանկացած պահի ստորագրության պատրաստ փաստաթուղթ ստանալու տրամաբանությամբ։
Փաշինյանը նշել է նաեւ, թե հասկանալի է` փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար, եւ հույս ունեն, որ արդեն 3 փուլ բանակցությունների արդյունքում նկատված առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։
Ըստ ՀՀ վարչապետի տեսլականի` փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի համակարգ, որը կբացառի տեւական եւ կայուն խաղաղության խաթարման որեւէ սցենար։ «Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերափոխվի պատերազմի` արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, ինչը հնարավոր է, այլ հակառակը, իսկապես տեւական խաղաղություն նշանակի»,– շեշտել է Փաշինյանը։ Նա հավելել է, թե պատրաստ է ստանձնելու նման պատասխանատվություն, որ խաղաղության հաստատման պայմանագիրը տեւական եւ կայուն խաղաղության երաշխիք դառնա։