ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը փետրվարի 15-ի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում թուլացնելու միմյանց միջեւ ստեղծված լարվածությունը։ «Երկու երկրներին` Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչպես նաեւ տարածաշրջանին մեր ուղերձն այն է, որ հարկավոր է լարվածությունը թուլացնելու ուղի գտնել։ Պետք է ջանքեր գործադրել, որպեսզի նորից ընթանան կայուն խաղաղության հունով»,- շեշտել է պետքարտուղարության խոսնակը։
Ըստ Փրայսի` ԱՄՆ-ը ներգրավված է եղել այդ ջանքերում ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի հարաբերությունների տեսքով։ Նա հավելել է, որ կշարունակեն հնարավոր ամեն բան անել, թե՛ անմիջապես կողմերի հետ, թե՛ այլ կառույցների միջոցով կփորձեն վերոհիշյալ նպատակն առաջ մղել: Փրայսը հույս է հայտնել, որ մյուս երկրները նույնպես այս ուղերձով առաջ կշարժվեն։
Անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի` Թուրքիա այցին՝ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է աշխարհի բոլոր երկրներին, որոնք երկրաշարժերից հետո կանգնել են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Սիրիայի ժողովրդի կողքին: