Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցում անորոշությունը շարունակվում է։ Եվ այն կարող է դեռ երկար շարունակվել։ Այդ անորոշությանն անուղղակիորեն նպաստում է նաեւ երկու համազոր սահմանադրական օրենքների հակասությունը։
Այսպես՝ համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի՝ պաշտպանի հրաժարականի դեպքում նոր պաշտպանի ընտրությունը պետք է կատարվի նախորդի հրաժարականի մասին ԱԺ նախագահի հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում (ընդգծումն իմն է – Մ. Հ.):
Նույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասն էլ սահմանում է՝ «Պաշտպանի ընտրություններն անցկացվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետներում:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ ժամկետներ է սահմանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը։
Այս օրենքի 145-րդ՝ «Իրավասու մշտական հանձնաժողովների առաջադրմամբ պաշտոնատար անձանց ընտրության կարգը» հոդվածում նշված է՝
«1. Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի (ընդգծումն իմն է – Մ. Հ.), Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների և խորհրդի մյուս անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունն անցկացվում է համապատասխան պաշտոնատար անձի՝
1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ օր առաջ.
2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում (ընդգծումն իմն է – Մ. Հ.)։
Կարծում եմ՝ երկու սահմանադրական օրենքներից որեւէ մեկը չի կարող մյուսի նկատմամբ գերակայություն ունենալ։ Սակայն իշխող ուժը, բնականաբար, նախապատվությունը կտա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետներին, որովհետեւ չկարողանալով իր համար ընդունելի թեկնածու գտնել՝ հնարավորություն ունի պաշտպանի ընտրությունը ձգձգելու մինչեւ երեք ամիս։
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նույն 145-րդ հոդվածը սահմանում է նաեւ, որ ՄԻՊ-ի պաշտոնը թափուր մնալու դեպքում թեկնածուները կարող են առաջադրվել տասնօրյա ժամկետում։ Թեկնածուն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին է առաջադրվում խմբակցության որոշմամբ։
Իսկ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ:
Իսկ ի՞նչ իրավիճակ է հիմա։
Մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականի մասին պաշտոնական հաղորդագրությունը եղել է 2023 թվականի հունվարի 24-ին։ Դրանից հետո արդեն երկու տասնօրյա ժամկետ անցել է, սակայն մինչ այս պահը իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու առաջադրելու մասին ոչինչ հայտնի չէ։ Սկսվել է երրորդ տասնօրյա ժամկետը, գուցե կլինի նաեւ չորրորդը… Շարունակությունն անհայտ է. մինչեւ ե՞րբ կարող են ձգվել նոր տասնօրյա ժամկետները։
Ի՞նչ կարող ենք ենթադրել այս իրավիճակից։
Նախ, կարծում եմ, ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու չեն առաջադրում, որովհետեւ ակնհայտ է, որ եթե անգամ իրավասու մշտական հանձնաժողովը առաջադրված թեկնածությունը ներկայացնի ԱԺ-ի քննարկմանը, ապա իշխող խմբակցությունն ընտրությամբ տապալելու է նշանակումը՝ չցանկանալով իրենից անկախ Պաշտպան ունենալ:
Երկրորդ՝ իշխող խմբակցությունն էլ թեկնածու չի առաջադրում, որովհետեւ, ըստ իմ սուբյեկտիվ ենթադրության, իրեն հարգող ոչ մի մասնագետ չի համաձայնում առաջադրվել՝ իմանալով, թե ինչ ճնշման տակ է աշխատելու։ Իսկ իշխանական քմահաճույքները անվերապահորեն կատարող մարդ էլ դեռ չեն գտնում։
Ու Հայաստանն այսօր անՄԻՊ է մնացել։ Այսինքն՝ պաշտոնակատար կա, գրասենյակը գործում է։ Բայց, մի տեսակ կարծես թե անհավես, սպասումով, թե ով է լինելու պաշտպանը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։