ՀՀ պաշտպանության նախարարությունը, հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին (պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներ), հրաժարվել է Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում ադրբեջանական օկուպացիայի ծավալները հրապարակելուց եւ Հաագայում ցուցադրված այն քարտեզը տրամադրելուց, որը մի քանի օր առաջ Հայաստանի ներկայացուցիչները ցուցադրել են ՄԱԿ-ի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հայցի քննարկման ժամանակ։ Քարտեզին, որը մինչ այդ չէր ներկայացվել հայ հանրությանը, նշված էին ադրբեջանական օկուպացիայի շրջանները։
Ադրբեջանը Ներքին Հանդի շրջանում 2700 հա տարա՞ծք է բռնազավթել
«Սպուտնիկ Արմենիա»-ն ՀՀ պաշտպանության նախարարությանը խնդրել է տվյալներ տրամադրել Գեղարքունիքի, Ջերմուկի, Իշխանասարի եւ Ներքին Հանդի շրջաններում Ադրբեջանի կողմից վերահսկվող ՀՀ տարածքների վերաբերյալ։ ՊՆ-ին հարցրել է նաեւ` արդյոք իրականությանը համապատասխանում են տեղական իշխանության այն հայտարարությունները, որ Ներքին Հանդի շրջանում 2700 հա տարածք է բռնազավթված։ Ավելի մանրամասն քարտեզ տրամադրելու գործակալության խնդրանքին ի պատասխան ՊՆ-ից հայտնել են, որ դատարանում թեմատիկ քարտեզ է ներկայացվել, եւ առաջարկել են այդ քարտեզը ներբեռնել դատական նիսիտի ուղիղ հեռարձակման տեսանյութից։ «ՀՀ զինված ուժերում օգտագործվող խոշոր մասշտաբի տեղագրական քարտեզները համարվում են գաղտնի»,- հավելել են գերատեսչությունում եւ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներին՝ մերժել են գործակալության խնդրանքը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր է բռնազավթել։