Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մի քանի ուղղություններով հարձակում է սկսել։ Զելենսկին չի հստակեցրել, թե հատկապես որ ուղղություններով է ընթանում հարձակումը։ Մինչ այդ նա հայտնել էր, որ ամենալարված իրավիճակն այժմ Արտյոմովսկի (Բախմուտ) եւ Ուգլեդարի շրջանում է։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ միայն արեւմտյան զենքի արագացված մատակարարումները կարող են շտկել իրավիճակը։ Հայտարարելով, որ զենքը միակ լեզուն է, որը հասկանում է Ռուսաստանը՝ Զելենսկին արեւմտյան երկրներին հորդորել է ավելացնել ռազմական օգնության ծավալը։
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին փետրվարի 14-ին չէր բացառել ուկրաինական զորքերի նահանջը Բախմուտից։ Նա հաստատել է ռուսական բանակի առաջխաղացումը, միաժամանակ նշել, որ չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։
Փետրվարի 15-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Դոնեցկի ուղղությամբ հարձակումը վերսկսելու մասին։ Փետրվարի 16-ին էլ Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատարը հայտարարել էր Արտյոմովսկի մերձակայքում գտնվող բոլոր բարձունքների գրավման մասին։