Աշխարհը փոխկապակցված է։ Հացը, որ ես ուտում եմ, բազմաթիվ մարդկանց աշխատանքի հետեւանք է։ Հնարավոր է՝ ցորենը ցանվել է ուկրաինական սեւահողերում, որտեղ աշխատել են բելառուսական կամ չինական կոմբայնները, որոնց արտադրելու համար օգտագործվել է ռուսական հանքերից հանված երկաթի հումքը։ Եվ քանի-քանի հոգի են աշխատել այդ ամենի ուղղությամբ, քանի-քանի հոգու քրտինք է թափվել, մինչեւ այս հացը հայտնվել է իմ սեղանին, որ ես եւս սնվեմ։
Աշխարհը շատ է փոքրացել։ Մենք դա զգում ենք անմիջական մեր կյանքում։ Չինական մի անհայտ քաղաքում հայտնվում է վիրուս, եւ մի քանի ամսից ողջ աշխարհը վարակվում է, սկսվում է պանդեմիա՝ համաշխարհային համաճարակ։ Եվ փոխվում է մարդը, փոխվում է աշխարհը։
Մեզնից յուրաքանչյուրը ձեռքին պահում է մի հեռախոս, որը ստեղծվել ու զարգացել է՝ օգտագործելով ամբողջ մարդկության տեխնիկական միտքը։ Իմ ընկերն անգամ, որի հետ երեկ գարեջուր էինք խմում, իր դասախոսություններով մասնակցել է այդ գործընթացին։ Նա եւս ունի իր ներդրումն այդ գործում։ Նա սովորեցրել է իր ուսանողին, որը պատերազմի կամ այլ դժվարությունների հետեւանքով տեղափոխվել է Ամերիկա (Կանադա, Գրեմանիա, Ճապոնիա ․․․) եւ դարձել ակտիվ մասնակիցը այսօր մեր ձեռքին բռնած այս սարքի ստեղծման, որի միջոցով կապվում ենք ողջ աշխարհի հետ առանց ժամանակ կորցնելու, առանց էական էներգիա կամ ջանքեր գործադրելու։
Սոկրատեսն ու Պլատոնն էլ են իրենց ներդրումն ունեցել այս ամենում։ Առանց Արիստոտելի հայտնաբերած տրամաբանական օրենքների հավանաբար չէին լինի ո՛չ այսօրվա տեխնիկան, ո՛չ էլ ժամանակակից աշխարհն իր հեռախոսներով ու համակարգիչներով:
Այո՛, աշխարհը փոքրացել է՝ ամենքին ամեն ինչ դարձել է հասանելի։ Բացում ենք ինտերնետը եւ կարող ենք ծանոթանալ ցանկացած ուսմունքի, ցանկացած տեսության։ Ուզո՞ւմ ես ուսումնասիրել Զեն-Բուդդիզմ՝ խնդրեմ։ Ուզո՞ւմ ես ծանոթանալ ինկերի կորած մշակույթին՝ խնդրեմ, առանց ժամանակ կորցնելու, առանց դժվարության։ Քեզ հետաքրքի՞ր է ամերիկյան իրավաբանությունը։ Խնդրեմ։ Կան անգամ անվճար կուրսեր, մասնակցի՛ր, սովորի՛ր, դարձրո՛ւ քոնը։ Իսկ թե մի նոր բան կիմանաս, կիսվի՛ր, թող աշխարհն իմանա։
Այսօր ակնհայտ է դարձել, որ աշխարհը փոքրացել է, եւ մենք բոլորս կայանում ենք՝ կրելով աշխարհի չորս ծիրերից եկող տարաբնույթ ազդեցությունները։
Մենք արդյունք ենք բազմաթիվ ազդեցությունների
Փաստորեն այն, որ ես այսօր այսպիսին եմ, որ ունեմ նման հեռախոս, սնվում եմ, հագնում եմ այս շորերը, վարում եմ այս մեքենան, մտածում եմ, գրում եմ, արդյունք է բազմաթիվ երկրների բազմաթիվ մարդկանց արած կամ չարած գործերի:
Ընդօրինակելով Չարենցին՝ կարող ենք ասել. «Անգամ ջրկիրը Տիբեթի իր դերն է ունեցել մեր կայացման գործում»։ Հանգամանքը, որ մենք արդյունք ենք բազմաթիվ մարդկանց ներգործությունների, կարելի է կոչել «Տիբեթյան ջրկիրի ֆենոմեն»:
Իրոք, անքննելի են մարդու կայացման ճանապարհները։
Եթե միայն սա գիտակցենք եւ շնորհակալություն հայտնենք աշխարհին, մարդկանց եւ այն ուժերին, որ առաջնորդեցին մեզ այս կողմերը, շատ բան կարող է փոխվել: Նկատե՛նք՝ աշխարհի չորս ծայրերից մարդիկ իրենց փոքրիկ, բայց խիստ կարեւոր ներդրումն են ունեցել, որ մենք լինենք այն, ինչ որ ենք: Նկատե՛նք եւ լինե՛նք երախտապարտ:
Մարդը մարդով է մարդ
Մենք սովորում ենք ուղիղ կանգնել եւ քայլել՝ նայելով մեր կողքի մարդկանց, նմանակելով մեր շրջապատին: Եթե երեխան ինչ-ինչ հանգամանքների բերումով չի մեծանում քայլող մարդկանց շրջապատում, նա ինքնըստինքյան չի էլ սովորում երկու ոտքի վրա ուղիղ կանգնել եւ քայլել: Չէ՞ որ չորս ոտքերի վրա լինելն ավելի ապահով է եւ հարմարավետ։
Նույնպես մենք սովորում ենք խոսել՝ նմանակելով ծնողներին, կրկնելով նրանց ասած խոսքերը կամ արտահայտությունները: Եթե մեր շրջապատում չխոսեին, մենք չէինք էլ սովորի խոսել:
Նույն կերպ, նմանակելով մեր շրջապատին, մենք սովորում ենք կարդալ, գրել, վիճել, մտածել: Կարող ենք պնդել՝ լայն իմաստով մենք արդյունքն ենք մեր շրջապատի:
Փաստորեն, մեր այսպիսին լինելու համար մենք պարտական ենք մեր շրջապատին, իսկ մեր շրջապատի մարդկանցից յուրաքանչյուրը՝ իր շրջապատին եւ այսպես շարունակ:
Ստացվում է, որ անգամ ջրկիրը Տիբեթի իր ներդրումն ունի մեր այսպիսին լինելու գործում: Այո՛, մարդը մարդով է մարդ: Իսկ մենք դա զգո՞ւմ ենք, գիտակցո՞ւմ ենք:
Նայենք մեր ներսը՝ կա՞ արդյոք այդ շնորհակալության, երախտագիտության զգացողությունը: Մենք իրապես զգո՞ւմ ենք այդ կապերը:
Պահանջվում է էմպաթիա
Եթե ես իրոք զգում եմ շատերի ազդեցությունն իմ կայացման գործում, դա բնականորեն առաջացնում է նրանց հասկանալու, ընկալելու ներքին մղում, ինչն էլ իր հերթին պետք է արթնացնի իմ մեջ էմպաթիայի, սրտակցության զգացողություններ: Եթե մեկն ինձ մի որեւէ լավություն է արել, ապերախտություն կլինի դա չնկատելը, չզգալը, չփոխադարձելը:
Էմպաթիան մեկ այլ անձի ներաշխարհը, հույզերն ու մղումները գիտակցված վերապրելու, ապրումակցելու ունակություն է:
Ագամբենը պնդում է, որ առանց էմպաթիայի մարդկությունը ճանապարհ չունի անցնելու: Էմպաթիան, սրտակցությունը, ուրիշի ցավն ու ուրախությունը զգալու ունակությունը հենց այն է, ինչն օդի ու ջրի պես անհրաժեշտ է մարդկությանը ներկայիս համամարդկային ճգնաժամը հաղթահարելու համար: Էմպաթիան հենց այն որակն է, որ նպաստում է մարդ-մարդ կապերի ներդաշնակ վերահաստատմանը: Այն դուռ է, որով անցնելով՝ հայտնվում ենք սիրո տիրույթում: Էմպաթիայի շնորհիվ մեր ներսում առաջանում է բնական շնորհակալության զգացողություն:
Շնորհակալ լինենք
Եթե մենք մեծ մասամբ արդյունք ենք մեր շրջապատի, եթե այս հացը, որ ես ուտում եմ, արդյունք է տարբեր երկրների մարդկանց աշխատանքի, եթե այս համակարգիչը, որով գրում եմ, ծնվել է հազարավոր մարդկանց մտավոր եւ ֆիզիկական աշխատանքի հետեւանքով, մի՞թե բնականը այն չէ, որ ես շնորհակալ ու երախտապարտ լինեմ բոլորին։
Մի՞թե ապերախտություն չէ այս ամենում իրենց ջանքերը ներդրած մարդկանց շնորհակալ չլինելը։ Չէ՞ որ բնական է շնորհակալ լինելը մարդկանց, որոնց գործերի հետեւանքով սնվում ենք, հագնվում, խոսում, քայլում։ Շնորհակալ լինելն այն է, ինչն անհրաժեշտ եւ բավարար է երջանկության հասնելու ճանապարհին: Ուզո՞ւմ եք լինել երջանիկ, եղե՛ք շնորհակալ։
Եկե՛ք այս օրը, երբ կարդում ենք այս գրությունը, երախտագիտության օր հայտարարենք եւ շնորհակալություն ասենք բոլոր-բոլորին։ Խոսքը ընդհանրական եւ վերացական շնորհակալության մասին չէ, այլ խիստ որոշակի։
Իհարկե, մենք նախ շնորհակալ ենք մեր ծնողներին, հարազատներին ու ընկերներին։ Թերեւս, արժե շնորհակալություն հայտնել նաեւ այն ավտոբուսի վարորդին, որ մեզ տեղ հասցրեց, այն խոհարարին, որ ճաշ էր պատրաստել, ու մենք կերանք։ Չմոռանանք փողոցով անցնող այն երեխային, որ իր ժպիտով ուրախացրեց մեր սիրտը։ Իհարկե, չենք կարող մոռանալ նաեւ մարդկության մեծ առաջնորդներին եւ այն նվիրյալներին, որոնք ճանաչողության մեծ ճանապարհին իրենց կյանքն իսկ ոչինչ համարեցին հանուն ճշմարտությանը հաղորդ լինելու։
Թերեւս, մեկ օրը քիչ կլինի բոլորին հիշելու եւ շնորհակալություն ասելու համար։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։