Ըստ իրանական mehrnews.com-ի՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ ի հեճուկս քաղաքական ճնշումներին` Իրանը կշարունակի խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման իր ծրագիրը եւ կառուցողական համագործակցությունը Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ: Քանանին այս հայտարարությունն արել է ի պատասխան Միացյալ Նահանգների եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության, որում Իրանը մեղադրվել է ապակայունացնող քաղաքականություն վարելու, ահաբեկչությանն աջակցելու եւ ամբողջ աշխարհում միջուկային զենք տարածելու համար։
Քանանին չի ընդունել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հնչեցրած մեղադրանքները` անվանելով դրանք հաճախակի կրկնվող եւ հոգնեցուցիչ: Իրանցի պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ նման հայտարարությունները համապատասխանում են տարածաշրջանի երկրների միջեւ պառակտում սերմանելու` «ամերիկյան ռեժիմի դարավոր ռազմավարությանը»: Ըստ Նասեր Քանանիի՝ ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականության բազմաթիվ օրինակներ կան, որոնք խաթարել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։
Ուրանի հարստացման տեխնոլոգիան առանց ծանուցման մինչեւ 60% կարգավորելու համար ՄԱԳԱՏԷ-ն փետրվարի սկզբին քննադատել էր Իրանի իշխանություններին: Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Իսլամեն դրանից հետո հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում սխալներ կան, ինչի առնչությամբ Իրանը պարզաբանումներ է ներկայացրել: