Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Ավելի վաղ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ու ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման մասին հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարությունը:
ՀՀ վարչապետը Մյունխենում ավելի ուշ կմասնակցի նաեւ Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը, որին կմասնակցեն նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 30 տարվա հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական պատեհություն ունեն։ «Կողմերն իրենք են կենտրոնացրել ուշադրությունը խաղաղ գործընթացի անհրաժեշտության վրա, այդ թվում՝ ուղղակի բանակցությունների միջոցով, ինչպես նաեւ Եվրամիության եւ մեր միջոցով»,- ընդգծել է Բլինքենը։ ԱՄՆ պետքարտուղարը կողմերին խոստացել է խաղաղության հասնելու հարցում ԱՄՆ-ի աջակցությունը։