«Իրենց էկոակտիվիստ համարող ադրբեջանցի ցուցարարների կողմից ԼՂ շրջափակումը դարձել է հումանիտար ճգնաժամի պատճառ եւ արժանացել միջազգային հանրության քննադատությանը: Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որով 120 հազար էթնիկ հայ բնակչություն ունեցող, Ադրբեջանի Ղարաբաղյան լեռնաշղթայում պատսպարված Լեռնային Ղարաբաղի շրջանը կապում է Հայաստանի հետ»,- opendemocracy.net կայքում գրում է ադրբեջանցի անկախ լրագրող, ֆոտոթղթակից Բաշիր Կիտաչաեւը, որը սովորաբար անդրադառնում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, Հարավային Կովկասում մեդիա-քարոզչական արշավներին եւ նման խնդիրների։
Ու թեեւ անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը Ադրբեջանի կառավարությանը կոչ արեց վերացնելու ճանապարհի շրջափակումը, սակայն մինչ այժմ որեւէ փոփոխություն չկա: Ցուցարարները պնդում են, որ ապօրինի հանքարդյունաբերական աշխատանքներ են կատարվում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքում, եւ պահանջում են, որ ադրբեջանցի մասնագետներին թույլատրվի վերահսկել հանքարդյունաբերության ցանկացած գործողություն:
Նրանք ունեն լավ սարքավորված վրանային ճամբար եւ թույլ են տալիս Լաչինի միջանցքով երթեւեկել միայն ռուս խաղաղապահներին եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին: Հաղորդվում է, որ այսպես կոչված «էկոակտիվիստների» թվում են քաղաքացիական ծառայողներ, ծպտված զինվորականներ եւ կառավարամետ ՀԿ-ների եւ երիտասարդական կազմակերպությունների անդամներ, որոնցից ոչ ոք, ըստ ամենայնի, չի մասնակցել Ադրբեջանում բնապահպանական նախորդ բողոքի ակցիաներին:
Ճանապարհի շրջափակումը լուսաբանելու նպատակով այնտեղ են նաեւ պետական լրատվամիջոցների լրագրողները։ Ղարաբաղին սննդի եւ բժշկական մատակարարումների ընդհատումը հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել, քանի որ սպառվում են պարենի, երեխաների կերակրման համար նախատեսված կաթնախառնուրդի պաշարները։ Տեղի իշխանությունները փորձում են հարցը կարգավորել՝ կազմակերպելով մի շարք պարենային ապրանքատեսակների բացթողումն ու վաճառքը կտրոններով։
Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքից պարբերաբար ընդհատվում է էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը: Այս իրավիճակի ֆոնին միջազգային հանրությունը քննադատում է Ադրբեջանին, նաեւ ռուս խաղաղապահների պասիվությունը։ Ու փոխանակ Լաչինի միջանցքը բացվի, Ադրբեջանում, պետության ղեկավարի մակարդակով, բացարձակապես այլ բան է խոսվում։ Իլհամ Ալիեւը հունվարի 10-ին դեռ հեռուստատեսային հարցազրույցում ասել է․
«Պայմաններ կստեղծվեն նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել [Լեռնային Ղարաբաղում] Ադրբեջանի դրոշի ներքո։ Ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ նրանց իրավունքներն ու անվտանգությունը ապահովված կլինեն։ Ով չի ուզում դառնալ մեր քաղաքացին, ճանապարհը ոչ թե փակ է, այլ բաց, նրանք կարող են հեռանալ: Նրանք կարող են ինքնուրույն գնալ. կա՛մ կարող են նստել [ռուս] խաղաղապահների մեքենաները, կա՛մ կարող են գնալ ավտոբուսով։ [Հայաստան տանող] ճանապարհը բաց է»։ Այս առաջարկը կարող է նույնիսկ թվալ գայթակղիչ՝ դառնալ բավականին հարուստ եւ հարեւանների համեմատ ավելի բարձր կենսամակարդակ ունեցող երկրի քաղաքացի։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու ԼՂ հայերը գերադասում են մնալ փոքր, աղքատ, չճանաչված պետության քաղաքացիներ, որոնք շրջապատված են թշնամական բանակով եւ կախված են մեկ ճանապարհով բերվող մատակարարումներից: Ինչո՞ւ չեն հավատում Ալիեւի իրավունքների եւ անվտանգության երաշխիքներին։
Քաղաքացիական իրավունքների խախտումներ
Human Rights Watch-ը, Amnesty International-ը, «Լրագրողներ առանց սահմանների» եւ այլ կազմակերպություններ բազմիցս քննադատել են Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքների համակարգված խախտումների եւ կոռուպցիայի համար: Freedom House-ի ամենամյա թարմացվող «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը եւ նույնիսկ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զգալիորեն գերազանցում են Ադրբեջանին մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով:
Հայատյացություն
Ղարաբաղի ցանկացած հայ, որը կընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, կբախվի մոլեգնող հակահայկական տրամադրություններին կամ հայատյացությանը, որը սնուցվում է պետության կողմից: Ադրբեջանական մամուլում հայերը միշտ բացասաբար են ներկայացվում։ Նույնիսկ դպրոցական դասագրքերում նրանք ներկայացվում են որպես ստոր պատմական թշնամիներ, որոնք դավաճանում են ադրբեջանցիներին: Ադրբեջանցի հեղինակները փորձել են արդարացնել հայերի նկատմամբ ատելության խոսքի օգտագործումը։ Ադրբեջանը նաեւ փորձել է վերաշարադրել Լեռնային Ղարաբաղի պատմությունը՝ հայերին որպես եկվորներ ներկայացնելով։ Ադրբեջանը հերքում է տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության առկայությունը։ Պարբերաբար ոչնչացվում են նաեւ հայկական պատմական հուշարձանները։ Ջուղայի հայկական ընդարձակ գերեզմանատունը, որը ժամանակակից Ադրբեջանի եւ Իրանի սահմանին է, ոչնչացվել է 2005 թվականին։ Հարյուրավոր խաչքարեր (տապանաքարեր)՝ թվագրված 9-17-րդ դարերին, հանվել եւ նետվել են գետը։
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Բաքվի հավաստիացումներին նույնպես դժվար է հավատալ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի հետաքննել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի եւ դրան հաջորդած բախումների ժամանակ հայ խաղաղ բնակիչների եւ գերեվարված զինվորների դաժան սպանությունները:
Իսկ 2012-ին ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, որը ութ տարի առաջ Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին կացնով գլխատել էր, հայրենիք վերադառնալիս դիմավորեցին հերոսին վայել եւ ներում շնորհեցին, այն դեպքում, երբ նա խոստովանել էր, որ Մարգարյանին սպանել է ազգամիջյան ատելությունից դրդված:
Քիչ իրավունքներ էթնիկ փոքրամասնությունների համար
Միայն հայերը չեն, որ խտրականության են ենթարկվում Ադրբեջանում։ Իրականում Ադրբեջանում փոքրամասնությունների լեզուների եւ մշակույթների պահպանմանն առնչվող լուրջ խնդիրներ կան։ Էթնիկ փոքրամասնությունները երկրի բնակչության մոտ 10%-ն են, սակայն կրթական համակարգը միայն էթնիկ ադրբեջանցիների համար է նախատեսված։
Ազգային փոքրամասնությունների շրջաններում աշակերտները պետք է կարողանան սովորել իրենց մայրենի լեզուն, սակայն նման դասերը հազվադեպ են լինում, այն էլ հնացած ուսումնական նյութերով եւ վատ պատրաստված ուսուցիչներով: Բացառություն են ռուսներն ու վրացիները։ Որոշ ազգային փոքրամասնություններ (օրինակ՝ թաթերը) ընդհանրապես չեն կարող սովորել իրենց լեզուն։ Բնիկ ժողովուրդները գրեթե չեն հիշատակվում պատմության դասագրքերում: Դպրոցներում օգտագործվող գրքերը սովորեցնում են աշակերտներին, որ ադրբեջանցի թուրքերը «Կովկասի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությունն են, քանի որ այնտեղ ապրել են մ.թ.ա. առաջին հազարամյակից»: Ադրբեջանը շարունակում է յուրացնել բնիկ ժողովուրդներով բնակեցված տարածքները եւ ռուս խաղաղապահներից պահանջում է օգտագործել Հայաստանի քաղաքների եւ գյուղերի ադրբեջանական անվանումներ:
Հնարավո՞ր է խաղաղություն
Հազիվ թե զարմանալի լինի, որ Ղարաբաղի հայերը չեն ցանկանում ընդունել Բաքվի՝ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու առաջարկը։ Բայց Ղարաբաղի հայերի համար Ադրբեջանում անվտանգ կյանք հնարավոր է, գոնե տեսականորեն: Շատ ադրբեջանցիներ հոգնել են թշնամությունից եւ պատերազմից, նրանք խաղաղ կյանք են ուզում եւ հավատում են, որ կարող են գոյակցել հայերի հետ: Բայց երկիրը պետք է իրական քայլեր ձեռնարկի դեպի ժողովրդավարություն եւ մերժի հայատյացության վրա հիմնված ազգային-հայրենասիրական ինքնությունը։ Ադրբեջանը սրում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, երբ կարող է պայմաններ ստեղծել երկու երկրների միջեւ խաղաղության համար։
Պատրաստեց Արման Գրիգորյանը