Մյունխենում եռակողմ հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատմանը` ըստ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: Միաժամանակ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետեւանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական եւ էներգետիկ ճգնաժամի փաստը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, ներառյալ՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանները։ Ըստ Իլհամ Ալիեւի՝ գլխավոր հարցն այն է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին որեւէ դրույթի առկայություն անթույլատրելի է։
Ալիեւն ասել է, որ հայկական կողմին առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետեր տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմերում եւ Լաչինի ու Հայաստանի միջեւ։ Անդրադառնալով հաղթանակի ու պարտության թեմային՝ Ադրբեջանի նախագահը Մյունխենում հայտարարել է, որ Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիա, որն ընդունել է ոչ միայն ամբողջ աշխարհը, այլեւ հայ ժողովուրդը, քանի որ պատերազմից հետո վարչապետ է ընտրել կապիտուլյացիա ստորագրողին։