Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ։ Տեղեկություններ կան նաեւ, որ Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել են։ Բայդենը Կիեւի Միխայիլյան տաճարում օդային տագնապի ազդանշանի ներքո հարգանքի տուրք է մատուցել Ուկրաինայի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Կիեւում հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժումից մեկ տարի անց Վլադիմիր Պուտինի զավթիչ պատերազմը պարտության է հասնում։ «Պուտինին թվում էր, թե Ուկրաինան թույլ է, իսկ Արումուտքը՝ մասնատված։ Նրան թվում էր, թե իրեն կհաջողվի մեզնից երկար գոյատեւել»,-ասել է Բայդենը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողքին կանգնած։ «Նա ակնհայտորեն սխալվում է։ Մեկ տարի անց ասվածի վկայությունն այստեղ է, այս սենյակում։ Մենք այստեղ միասին ենք»,-շեշտել է ԱՄՆ նախագահը։ «Աշխարհը կանգնած է արմատական փոփոխությունների եզրին»,-նշել է Բայդենը՝ վերհիշելով, որ Զելենսկին իր հետ հեռախոսազրույցում հորդորել է հավաքել աշխարհի առաջնորդներին եւ նրանց խնդրել աջակցելու Ուկրաինային։ Ըստ CNN-ի՝ Ուկրաինա կատարած Բայդենի առաջին այցը խորհրդանշական պահ է, որը կոչված է ի ցույց դնելու Ուկրաինային եւ նրա ժողովրդին Միացյալ Նահանգների աջակցությունը։
Ո՛չ ուկրաինական, ո՛չ ամերիկյան իշխանությունները անվտանգության նկատառումներով նախապես չէին հայտարարել ԱՄՆ նախագահի այցը Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինա։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Կիեւում սպասում են երկրի «արեւմտյան գործընկերներից մեկի այցը, իսկ փոխարտգործնախարար Անդրեյ Մելնիկը նշել էր, որ անակնկալ է սպասվում։
Բայդենի ու Զելենսկու նախորդ հանդիպումը եղել է 2022-ի դեկտեմբերի 21-ին Վաշինգտոնում, որտեղ Ուկրաինայի նախագահը մեկնել էր ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների, ապա ելույթ էր ունեցել ամերիկյան Կոնգրեսի առջեւ։