Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 154-ամյակին, բանաստեղծի ծննդավայր Դսեղը մարդաշատ էր։ Հայաստանի տարբեր բնակավայրերից մեծ լոռեցու տուն եկած հյուրերը Թումանյան էին ասմունքում, մայրաքաղաքի եւ Լոռու Թումանյան համայնքի դպրոցականները ներկայացումներ էին խաղում։
Բանաստեղծի տուն-թանգարանում ասում են՝ տարեցտարի ավելի շատ հյուրերի են ընդունում։ Միաժամանակ թանգարանի ցուցանմուշներն են համալրվում․ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը Թումանյանի ժառանգները նրա անձնական իրերից թանգարանին են նվիրում։
Թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանն անում է՝ նախորդ տարի երեսուն հազարից ավելի այցելուների են ընդունել եւ բոլորին պատմել ոչ միայն հայ բանաստեղծի, այլեւ հայրենիքի նվիրյալ եւ որբերի հայրիկ Թումանյանի մասին։
Հովհաննես Թումանյանի հայրական տունը բանաստեղծի 70-ամյակի տարում՝ 1939-ին է թանգարանի վերածվել։
2023-ի մարտի 23-ին բանաստեղծի մահվան 100-րդ տարելիցն է։ Իսկ հաջորդ տարին հոբելյանական է․ Ամենայն հայոց բանաստեղծի 155-ամյակն է նշվելու։
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը նշեց, որ հոբելյանական միջոցառումներից բացի Թումանյանի ստեղծագործությունների նոր ընտրանի են հրատարակելու։ Մահվան հարյուրամյակին հիշատակի միջոցառումներ են անցկացվելու Դսեղում, Երեւանում եւ Թբիլիսիում՝ Խոջիվանքում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։