Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը 2023-ի փետրվարի 21-23-ը Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) կմասնակցի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը։
«Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի փետրվարի 22-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին։
Հայաստանն Ադրբեջանից պահանջել էր դադարեցնել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխափան ազատ տեղաշարժը արգելափակող ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը, Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով ապահովելու բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան ազատ տեղաշարժը, ամբողջությամբ եւ անհապաղ վերականգնելու Լեռնային Ղարաբաղին բնական գազի եւ այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը, ձեռնպահ մնալու այն խափանելուց կամ խոչընդոտելուց։